▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրա պակասը կար․ երաժիշտ Eman-ը՝ հայկական շոու բիզնեսում նորություն մտցնելու, արտասահմանյան շուկա մուտք գործելու և նոր համագործակցությունների մասին

Երաժիշտ, գործիքավորող Eman-ը (Էմանուել Հակոբյան) բոլորովին վերջերս ներկայացրեց իր առաջին անհատական աշխատանքը, որը կոչվում «Slamp»։ Բացի նոր աշխատանքը ներկայացնելուց՝ երաժիշտը հանրության դատին հանձնեց նաև դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակը։

Asekose.am-ը զրուցել է Eman-ի հետ նրա գործունեության, անհատական աշխատանքի և դրա շնորհիվ հայ հայտնիների հետ ձեռք բերած նոր համագործակցությունների մասին․

«Գաղտնիք պետք է բացեմ և ասեմ, որ «Slamp»-ի գաղափարն ինձ մոտ առաջացել է մեկ այլ՝ ոչ իմ աշխատանքի ստեղծման ընթացքում։ Ընդամենը մեկ օր պահանջվեց, որպեսզի ես լիարժեք հասկանամ, թե ինչպիսի գործ եմ ստեղծելու»,- պատմեց Eman-ը և շարունակեց․

«Չնայած նրան, թե ինչպիսին է լինելու իմ առաջին անհատական աշխատանքը, ինձ մոտ ակնթարթային տևեց, բայց դրա բուն ստեղծման գործընթացը տևեց մոտ մեկ տարի, քանի որ այն երգ չէ, այլ միայն երաժշտություն, իսկ այս դեպքում շատ ավելի դժվար է։ Ցանկացած երաժշտությունից պետք է շոու սարքել, ինչի համար ամեն մի մանրուք պետք է հաշվի առնել, և ինչի արդյունքում այն մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել»,- նշեց Eman-ը։

/filemanager/uploads/2021/07/week-1/203707752_865205830872925_6619981309385083677_n.jpg

Վերջինս պատմեց, որ միանգամից մի քանի երաժշտական ոճ է խառնել իրար, այդ թվում նաև՝ արևելյան ելևէջներ․

«Քանի որ Եվրոպայում արևելյան երաժշտությունը շատ ավելի լսելի է դարձել, այդ պատճառով ես էլ ցանկացա անել մի բան, որը ոչ միայն Հայաստանի համար նախատեսված կլինի, այլ նաև դրա սահմաններից դուրս։ Եվ, ի վերջո, կան մեղեդիներ, որոնք ինձ հոգեհարազատ են և դրանք պետք է ներգրաված լինեն իմ աշխատանքներում, սա, կարելի է ասել, իմ սկզբունքն է որպես երաժիշտ»,- ասաց Eman-ը։

Հարցին՝ արդյո՞ք այս ուղղվածությամբ նա փորձում է նորություն մտցնել հայկական շոու բիզնեսում, Eman-ը պատասխանեց․

«Այո, քանի որ սրա պակասը կա մեր երգարվեստում։ Եվ սա շարունակական բնույթ է կրելու, մեր շոու բիզնեսում գույներ են պակասում, պետք է դրանց բացը լրացնել։ Ես՝ որպես այս ամենի մի մասնիկ, փորձում եմ իմ լուման ներդնել եվրոպական երաժշտության ուղղվածությունը պրոպագանդելու մեջ՝ ցույց տալով ունակություններս։ Իմ նպատակն այն է, որ այնպիսի երաժշտություն ստեղծեմ՝ միմյանց խառնելով միանգամից մի քանի ոճեր, որ թե եվրոպացու ականջին հաճելի լինի, թե հայ ունկնդրի։ Հույս ունեմ, որ իմ օրինակին նաև շատ այլ արտիստներ կհետևեն, և մենք վերջապես դուրս կգանք 6/8 չափի, ռաբիս երաժշտության սահմաններից»,- նկատեց երաժիշտը։

Нет описания.

Խոսելով տեսահոլովակի մասին՝ Eman-ն ասաց, որ երգի ստեղծման ընթացքում արդեն պատկերացում է ունեցել, թե ինչպիսին է այն լինելու։

«Տեսահոլովակն ամբողջապես նկարահանվել է իմ և ռեժիսորի՝ Տիգրան Ավետիսյանի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Վերջնական արդյունքը շատ գոհացնող է։ Ասեմ ավելին, այս տեսահոլովակից հետո ես հասկացա, թե որոնք են լինելու իմ հետագա անելիքները, հասկացա, որ ճիշտ ուղով եմ շարժվում։ «Slamp»-ը, ինչպես ընդունված է ասել, դարձավ իմ այցեքարտը»,- շեշտեց Eman-ը։

Վերջինս նաև խոստովանեց, որ այս աշխատանքը խթան հանդիսացավ իր և մի շարք արտիստների նոր համագործակցությունների համար․

«Այն, որ այս աշխատանքն իսկապես ստացված է, ապացույցն է այն բանի, որ դրա պրեմիերայից հետո եղան մարդիկ, ովքեր դիմեցին ինձ՝ ասելով, որ ցանկանում են ունենալ նման աշխատանք, բայց միևնույն ժամանակ չհեռանան իրենց ոճից։ Օրինակ, երգիչ Գևորգ Սիրեկանյանի հետ աշխատեցինք նրա՝ «Դու սիրունն ես աշխարհի» և «Արի մոտս» երգերի գործիքավորումների վրա։ Պահելով Գևորգի ձեռագիրը՝ նրան բոլորովին այլ տեսանկյունից ներկայացրինք հանրությանը»,- պատմեց Eman-ը։

Անդրադառնալով նաև հայաստանյան ակումբային երաժշտությանը՝ երաժիշտը նշեց․

«Կարող եմ ասել, որ այն դեռ շատ զարգանալու տեղ ունի, ես ինքս ինձ համարում եմ այն զարգացնողներից մեկը։ Այդ պատճառով մենք դեռ պետք է երկար աշխատանք կատարենք, որպեսզի ակումբային երաժշտությունը Հայաստանում դրվի բարձր մակարդակի վրա, և մարդիկ դրան մեծ տեղ տան, ինչու չէ արտերկրում ապրող մարդիկ հետաքրքրվեն նաև հայ մասնագետների կողմից ստեղծած երաժշտություններով»,- մեզ հետ զրույցում եզրափակեց Eman-ը։

 

Հեղինակ՝ Ա․ Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին