2024 թվականի մարտի 12-ին դաժանաբար սպանվել էր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանը։ Մարտի 13-ին իրավապահները Սյունիքի մարզում հայտնաբերել էին քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած անձին ու ծեծկռտուքի ևս երկու մասնակցի։
Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում պարզվել է, որ խուլիգանության դեպքի մասնակից Ա․Մ-ն քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակով, նախաքննության սկզբնական փուլում տվել է խեղաթյուրված ցուցմունքներ՝ սպանության կատարումը վերագրելով իր 21-ամյա ընկերոջը՝ Դավիթ Պետրոսյանին՝ շեղելով նախաքննությունը։
Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները փոփոխելու և նրանց նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Դավիթ Պետրոսյանի մեղադրանքը փոփոխվել է, նա այլևս չի մեղադրվում սպանության հոդվածով։
Սպանված Ռաֆիկ Հովհաննիսյանի մայրը պատմել է դեպքին նախորդած իրադարձութունների մասին․ «Ռաֆիկս պատմեց, որ թեթև վիճաբանություն է եղել, իր և ընկերների հեռախոսային խոսակցությունից հասկացա, որ տնից չպետք է դուրս գա և դուրս չէր գալիս։ Իրենք ուզել են հենց ամսի 8-ին Ռաֆիկիս խփեն, այս մասին դեպքից 2 ամիս հետո ենք իմացել։ Անհանգաստություն ունեի, բայց մտածում էի, որ ընդամենը ծեծ կլինի, եթե իմանայի, որ այսպիսի եզրահանգում կլինի, երեխուս կվերցնեի, կտանեի։ Կռիվ ա եղել, իրա մոտ ոչինչ չի եղել, 6 ստահակով եկել են, երեխուն հանկարծակիի են բերել ու միանգամից դանակով խփել։ Այդքանով չեն չբավարարվել, նստել են վրան, դուբինկեքով ծեծել են, գուցե այդ ծեծը չլիներ, երեխես փրկվեր, ներքին արյունահոսություն ա մոտը սկսվել»,- ասում է Ռաֆիկի մայրը՝ հավելելով, որ համոզված են եղել՝ մահացու հարվածը Դավիթն է հասցրել, թեպետ այդ ժամանակ արդեն խոսակցություններ են պտտվել, որ Աղասն է եղել խփողը։ Ռաֆիկի մայրը համոզված է, որ եթե դեպքի ականատեսները միջամտեին կամ ոստիկանություն կանչեին, իրենց որդին կփրկվեր։
Մանրամասները՝ տեսանյութում:
|