Պարետի ցուցումով կարգավորում ունենք, որ արտերկրից Հայաստան տեղափոխված այդ 200 բեռները չենք թույլատրում բացել, որպեսզի կանխարգելենք հնարավոր վարակումը այդ միջոցառումների բոլոր մասնակիցների։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին, թե հնարավոր չէ՞ արդյոք մահացածներին արտերկրից բերել ոչ թե փակ ցինկե դագաղներով, այլ հատուկ միջոցներ ապահովել, «ապակե միջանցք», որպեսզի մարդիկ համոզվեն, որ դա իրենց հարազատն է։

«Ես իհարկե ամբողջ լոգիստիկ շղթան լավ չեմ պատկերացնում՝ ուղարկումից մինչեւ ստացում, բայց կարող եմ ենթադրել, որ տեղափոխողները եւ ստացողները հանգուցյալի հարազատները պետք է լինեն, եւ տեղափոխման պահից պետք է փաստաթղթեր լինեն բեռի ուղարկման եւ ստացման։ Ենթադրում եմ, որ առնվազն այս ժամանակաշրջանում այս կարգավորումը պետք է մնա, եւ մենք պարզապես կարող ենք փորձել մեր գործընկերների հետ այդ իդենտիֆիկացոն պրոցեսը կազմակերպել առանց բեռը բացելու»,– ասել է Թորոսյանը։
Նախարարի ելույթին արձագանքել է Սասուն Միքայելյանը՝ բերելով կոնկրետ օրինակ. «Մի քանի ամիս առաջ դեպք է եղել, որ այլազգի ներկայացուցիչ են ուղարկել Հայաստան՝ ռուս, 100 տոկոսով բան եմ ասում։ Այնտեղ համար են խփում, ուղարկում են, խառնում են իրար։ Մենք այն ազգն ենք, որ անհայտ մարդ բերենք թաղեք չի ստացվի»։
Նախարարի խոսքով՝ իրենք կփորձեն մշակել նոր տարբերակ, որպեսզի հարազատները համոզվեն, որ դա իրենց հանգուցյալն է, ոչ թե այլ անձի դի։


