Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը. «Մինչև պապի մահանալը, ընտանիքում բացի հորից ոչ ոք չի իմացել Հենրիկի զոհվելու մասին։ Դեպքից երեք օր անց պապը՝ ավագ Հենրիկ Սաֆարյանը, աշխատանքից վերադառնալիս է եղել, տրանսպորտում ծանոթներից մեկը հարցրել է՝ ճի՞շտ են լուրերը, որ թոռը զոհվել է։ Դրանից հետո իջել է, լավ չի զգացել իրեն։
- Տուն եկավ՝ դեմքը լրիվ այլայլված, շրթունքները՝ կապտած, իմ դեմքին չէր նայում։ Տալիս կանչեց սենյակ, ասեց՝ ճի՞շտ ա, որ երեխեն զոհվել ա, դե մենք էդ ժամանակ ոչինչ չգիտեինք, ինձ թվում էր, որ Հենդս անտառներում թաքնված ա, այնինչ երեխես վաղուց արդեն չկար։ Էդ գիշեր պապը քնեց ու էլ չզարթնեց։ Մեր մեծ ընտանիքից մնացինք երեքս...,- պատմում է Հենրիկի մայրը՝ Ռիմա Ավետիսյանը։
Հենրիկ Սաֆարյանը զոհվել էր սեպտեմբերի 13-ին, Ներքին Հանդի 101 դիրքը պաշտպանելիս. բեկորային վնասվածք էր ստացել, ողնաշարն է վնասվել։ Թշնամին չկարողանալվ գրավել դիրքը, այն թիրախավորել էր հրետանիով։ Այդ մարտական դիրքում գտնվող բոլոր զինծառայողներից ոչ ոք ողջ չի մնացել...
Տելեգրամում տարածված տեսանյութում հայրը ճանաչել էր որդու մարմինը ու առանց տեսածը որևէ մեկին հայտնելու, միանգամից ուղևորվել Կապան՝ գտնելու Հենրիկի մարմինը։
Հենրիկին հուղարկավորեցին պապի կողքին։ Նա 19 տարեկան էր...»: