«Նախագծի նպատակը ողջունելի լինելով՝ իրավական որոշակիության տեսանկյունից մտորումների տեղիք է տալիս: Ի՞նչ է նշանակում՝ հրապարակային կոչ. կոչը բնականաբար հրապարակային է լինում: Եթե ես մեր տանը ինքնամեկուսացվեմ և սկսեմ սրան-նրան հայհոյել, սա կոչ չէ: Հիմա հրապարակայինը ո՞րն է, 2 հոգու ներկայությամբ, 4 հոգու, պարզ է, եթե հանրության առաջ ես անում, ուրեմն՝ հրապարակային է»,- ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին: Դրանով առաջարկվում է քրեական պատիժ սահմանել բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար:

Գ, Պետրոսյանն իր անհամաձայնությունը հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի այն գնահատմանը, թե բռնությունն արդարացնելը վտանգավորության տեսանկյունից նույնն է, ինչ բռնության կոչ հնչեցնելը: «Եթե մեկը գրել է, որ այսինչին պետք է ապտակել, ես էլ լայքում եմ, սա բավարար է, որ ինձ տանեն քրեական պատասխանատվության ենթարկե՞ն․․․
Հավանաբար բոլորդ տեսել եք Ֆեյսբուքում տեղադրված զինվորի համազգեստը պղծող այդ երկոտանու թռվռալը, ես չգիտեմ՝ նա հայ է, ինչ է, դա նշանակություն չունի, հիմա եթե ես ասեմ՝ դրա ականջը պետք է ոլորել կամ պատժել, ինձ սրա համար պետք է տանեն պատասխանատվության ենթարկե՞ն»,- նշեց պատգամավորը:


