«Շատ հետաքրքրիր բան եղավ․ մի աղջիկ անցնում էր, ասաց՝ ես այլևս ուսանող չեմ, արդեն գործազուրկ եմ։ Մաղթենք մեր բոլոր շրջանավարտներին, որ նրանք շուտափույթ աշխատանք գտնեն և իրենց մասնագիտական որակները ցույց տան աշխատանքի մեջ»,-այս մասին հուլիսի 16-ին, Պոլիտեխնիկի թվով 91-րդ շրջանավարտների ավարտական երեկոյից հետո Իրավաբան.net-ի հետ զրույցում ասել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն, Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ Արմեն Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ այն համագործակցությունը, որ կա տեխնոլոգիական ամենամեծ բուհի և արդյունաբերական հսկայի միջև, գնալով էլ ավելի է զարգանում։ Պոլիտեխնիկի 600-ից ավելի շրջանավարտ այսօր իր մասնագիտական ուղին շարունակում է կոմբինատում։
«Ես դրանցից մեկն եմ։ Երբ խոսում ենք կոմբինատից կամ հանքարդյունաբերությունից, աշխատանքը հենց հանքի հետ են ասոցացնում, սակայն ոլորտն այնքան մեծ է, տարբեր մասնագիտությունների տեր անձինք են այնտեղ անհրաժեշտ և շատ կարևոր։ Շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ որքան շատ ունենանք, այնքան ավելի հզոր կլինի մեր արդյունաբերությունը»,-ասել է Արմեն Ստեփանյանը։
Նշենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երեկոյի հովանավորներից մեկն էր։
Մանրամասները՝ տեսանյութում։