«Տիկի՛ն Վարդապետյան, ի՞նչ եք ասելու հոկտեմբերի 27-ին»․ Անահիտ Բախշյան
Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որում ասված է․ «Հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը տեղապտույտի մեջ է:
Մոտենում է 1999թ․ հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության 25-րդ տարելիցը։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ՀՀ իշխանություններն ինչպե՞ս են անդրադառնալու մեր պետականության, մեր ինքնիշխանության դեմ կատարված այդ սահմռկեցուցիչ սպանդին, ի՞նչ են ասելու 2019թ-ի դեկտեմբերի 25-ին նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ինձ հասցեագրված նամակում մեջբերված հետևյալ տողերի մասին․ «Հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության»։ Համոզված եմ, որ ՀՀ գլխավոր նախկին դատախազի սույն որոշումը համաձայնեցված էր ՀՀ վարչապետի հետ։ Այսինքն, ըստ այս, տողերը նշանակում են, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալու որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու ամեն ինչ անելու էր բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Հիշեցնեմ, որ, չնայած նախկին դատախազն իր նամակում գրել էր, որ ոչ թե Վազգեն Սարգսյանի կամ Կարեն Դեմիրճյանի և մյուս 6 անձերի դեմ կատարված ահաբեկչության, այլ «ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության», այդպես էլ ՀՀ պետությունն իշխանությունների կողմից չճանաչվեց որպես տուժող կողմ, որի մասին 2020թ․ հունվարին դիմել էի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ստացել էի նամակ, որում հիմնավորվել է, թե ինչու ՀՀ պետությունը չի կարող տուժող համարվել։ Ստացվում է, որ այդ սարսափելի պետական մասշտաբի ահաբեկչությունը միայն զոհվածների ընտանիքների՞ն է վերաբերվում, որովհետև դատարանը մեզ է միայն տուժող ճանաչել։
4 տարի այս գործը «քննվեց» ԱԱԾ-ում, օրենքի փոփոխությամբ պայմանավորված 2024-ի հունվարից ԱԱԾ-ի քննչականը լուծարվեց, այն սկզբից փոխանցվեց հակակոռուպցիոն կոմիտեին, հետո՝ ՀՀ քննչականին: Այսինքն հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը տեղապտույտի մեջ է: ՈՉ ՄԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ 25 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՏԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ:
ՀՀ դատախազ տիկին Վարդապետյա՛ն, ինձ և մեր հասարակությանը շատ հետաքրքիր է, թե այս գործի մասին ի՞նչ եք ասելու այս տարվա հոկտեմբերի 27-ին, 25 տարի անց»: