Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմազշեն բնակավայրում սարսափելի հանցագործության ականատես դարձան Շիրակի մարզի իրավապահներն ու գյուղի բնակիչները: 31-ամյա կնոջը և իր երկու՝ 8 և 12-ամյա երեխաներին սպանել էին իրենց բնակարանում:
Գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ ինֆորմացիան փակ է, միայն տեղեկացված է, որ սպանությունն առանձնակի դաժանությամբ է կատարված:
«Իմ ունեցած տեղեկություններով մորն ու զավակներին խոշտանգել են, ոտքերը կապել են տուկի թելերով: Ենթադրվում է, որ սկզբում երեխաների երակներն են կտրել, դանակով հարվածներ են ստացել բոլորը, իսկ հետո մորթել են զոհերին: Բոլորին դանակներով են սպանել, ենթադրվում է, որ միայն դանակով է կատարվել սպանությունը՝ հրազեն չի կիրառվել»,-ասաց Պողոսյանը:
Իրավապաշտպանը, որ դեպքի մասին լսելուց հետո անմիջապես Պեմզաշեն էր գնացել, նշել է, որ գիշերը գյուղացիներից ոչ ոք ոչ մի ձայն չի լսել, ոչ մի կասկածելի շարժ էլ չեն նկատել, այլապես հանցագործության մասին ավելի վաղ կիմանային: Համագյուղացիներին սկզբում անհանգստացրել է այն հանգամանքը, որ երեխաները դպրոց չեն գնացել, իսկ նրանց մայրիկը՝ աշխատանքի, սկսել են զանգահարել իրենց հարևանուհուն, սակայն երբ բազմաթիվ զնագերից հետո այդպես էլ ոչ ոք չի պատասխանել հեռախոսին՝ փրկարար ծառայություն են կանչել… փրկրարաների դուռը բացելուց հետո միայն հայտանաբերել են մոր ու իր զավակների դիակները:
Լրատվամիջոցի հարցին, արդյոք գյուղում տեղադրված տեսախցիկների տեսագրություններում ոստիկանությունն ինչ-որ բան հայտնաբերել է, Կարապետ Պողոսյանը նշել է, որ այդ մասով ոչինչ հայտնի չէ՝ միգուցե հիմա էլ շարունակում են զննությունը:
Զարմանալին այն է, որ մինչ այս պահը հանցագործության որևէ հետք չի հայտնաբերվել:
«Ոստիկանությունը հետքեր չի գտնում, այսինքն ամենայն հավանականությամբ հանցագործության գործիքները հանցագործը կամ հանցագործները իրենց հետ են տարել: Տարբեր վարկածներ կան առաջ քաշված, բայց այս պահին չկա որևէ վարկած, որը մոտ կլինի իրականությանը՝ ըստ ոստիկանության:Ու լավ կլիներ, որ ոստիկանությունը որոշակիորեն կիսվեր հասարակության հետ իր ունեցած վարկածներով, կարևոր էր, որ որոշակի ինֆորմացիա լիներ: Նմանատիպ, բայց ոչ այսքան դաժան դեպք եղավ տարիներ առաջ Գյումրիում Ավետիսյաններիի ընտանիքի սպանությունը, որտեղ հրազենով էին սպանել, ոչ թե մորթել էին մարդկանց: Այն ժամանակվա իշխանությունը շատ ավելի բարոյական էր ու շատ ավելի անկեղծ էր հասարակության հետ, քան ներկա իշխանությունները»,- ասել է Պողոսյանը:
Անդրադառնալով մյուս վարկածներին, իրավապաշտպանը նշել է, որ Գյումրիում շրջանառվում է, որ եղել է որոշակի թշնամական դիվերսիոն խմբի ներթափանցում:
«Երեկ՝ երեկոյան ժամը չորսից վեցը ընկած հատվածում Գյումրիում աննախադեպ ոստիկանական ստուգումներ էին անցկացնում, ամբողջ Գյումրին խցանման մեջ էր, մեքենաները կանգնեցնում էին, ստուգում էին, իհարկե չեմ պնդի, որ դրա հետ էր կապված, բայց զուգադիպությունները չափազանց շատ են»,- շեշտել է վերջինս:
Կարապետ Պողոսյանը նշել է նաև, որ հանցագործության վայրն էլ այնքան պատահական չէ, մասնավորապես թուրքական կապիտալը շատ հետաքրքրված է Արթիկի Պեմզաշենի ու Տուֆաշենի տուֆերի հանքերով և արդեն իսկ բազմաթիվ հանքերում թուրքերը ներդրումներ են կատարել:
«Ես ենթադրում եմ, որ հանցագործության վայրը կարող է ընտրված լինել բնակչությանը վախեցնելու ու հայաթափելու համար՝ հետագայում ազատ հանքագործունեություն իրականացնելու համար: Այսօր այդ տարածքը իրենց համար բիզնեսի տեսանկյունից հետաքրքրություն են ներկայացնում: Այնտեղ գրեթե բոլոր հանքերում թուրքերն ունեն իրենց մասնաբաժինները ու դա բոլորին է հայտնի»,- նշել է նա:
Ընդդիմադիր իրավապաշտպանի մյուս վարկածն էլ այն է, որ այս հանցագործությամբ թուրք-ադրբեջանական տանդեմը որոշել է նշել իրենց այսպես կոչված «հաղթանակը»:
«Անցած տարի նոյեմբերի իննին ընդառաջ Շուշիում Ալիևի թիկնազորի անդամը ատրճանակով սպանեց հայ երիտասարդին ու ես չեմ բացառում ու չեմ զարմանա, որ միաժամանակ երեկվա գործողությունները հենց թուրքական կամ ադրբեջանական ծիսակատարության արդյունք էր իրենց «հաղթանակին» նվիրված: Երեկ մենք բազմաթիվ անգամներ ականաատես եղանք իրենց լկտի պահվածքին, հրավառություններին, իրանական սահմանի ուղղությամբ կրակոցներին և Շուշիում Ալիևի լպիրշ հոխորտանքներին՝ ուղղված Հայաստանի և Հայաստանի այս պահի ղեկավարի ուղղությամբ: Այս հանցագործություները ես համարում եմ նաև Ալիևի հոխորտանքների շարունակություն»,- ասել է նա: