▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի արձագանքը՝ Թրամփի ուղերձին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձը, գրում է Ermenihaber-ը։

Հիշեցնենք՝ Սպիտակ տան ղեկավարը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում օգտագործել է «Մեծ եղեռն» ձևակերպումը և այն անվանել 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը։

Ի պատասխան Սպիտակ տան ղեկավարի ուղերձին՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ պաշտոնական Անկարան գնահատական է տվել Թրամփի ուղերձին։ Ըստ այդ գնահատականի՝ ԱՄՆ-ի նախագահի ուղերձը «հիմնված է այն սուբյեկտիվ ընկալումների վրա, որոնք հայերի կողմից փորձ է արվում դարձնել դոգմա»։

«Ներքաղաքական նկատառումներով արված այս հայտարարությունը մեզ համար չունի ոչ մի իրավական ուժ: Մենք մերժում ենք այդ հայտարարության մեջ արված պնդումները»:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ դեռևս ուժի մեջ է 1915-ի դեպքերն ուսումնասիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը։

«Հավատում ենք, որ եթե ստեղծվի նման հանձնաժողով, ապա փաստերն իրապես կբացահայտվեն»:

Հիշյալ հանձնաժողովի ստեղծումն օրակարգից դուրս մղելու համար Թուրքիայի ԱԳՆ-ը մեղադրում է հայերին՝ նրանց անվանելով ծայրահեղականներ։ Ըստ Անկարայի՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը պիտի նկատի դա ու գործի համարժեք։

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերջնամասում ասվում է. «Մենք ոգեկոչում ենք Օսմանյան կայսրության անկման շրջանում իրենց կյանքը կորցրած մահմեդական, քրիստոնյա և հրեա քաղաքացիական անձանց հիշատակը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին