Թող ինքը մի հատ հայելու մեջ նայի էլի ու ամաչի․․․Ալեն Սիմոնյանը՝ Սերժ Սարգսյանի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ երբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը վատ բան է ասում ՔՊ-ի մասին, դրանից իրենց վարկանիշը բարձրանում է։
«Պարոն Սարգսյանին առաջարկում եմ հաջորդ ընտրություններին իր դեմքով հանդես գալ, մասնակցել բանավեճի, քարոզարշավ անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է կապիտուլյանտ բառին՝ Ալեն Սիմոնյանը հակադարձեց՝ «Սերժ Սարգսյանն էլ մերժված է»։
«Բանակը զինում էր 80-ականների զենքերով, բայց 2007 թվականի ջիպերով ու դղյակներով էին ապրում։ Շատ լավ է, թող խոսի, ավելի մեծ լավություն մեզ արած չի լինի»,- նշեց ԱԺ նախագահը։
***
«Խնդիրը նրանում է, որ տասնամյակներ շարունակ թե՛ մեր պետության, թե՛ Ադրբեջանի պետության քաղաքական համակարգի ամբողջ կառուցվածքը հիմնված է եղել մեկը մյուսի վրա հարձակվելու, մեկը մյուսին ատելու բարդույթների վրա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելուն և խաղաղության համաձայնագիր կնքելուն։ ԱԺ նախագահը նշել է, որ եթե ՀՀ իշխանություններն այդ բարդույթները կարողանում են կոտրել, ապա Ադրբեջանում դա չի արվում։ «Կարծում եմ, որ Ադրբեջանում դեռ այդ քաղաքական կամքը, գիտակցումը չկա, որ, այո՛, հնարավոր է ապրել՝ առանց արտաքին թշնամի ձևավորելու։ Իրենց համար դա է դժվարությունը՝ ո՞նց ապրել և չունենալ արտաքին թշնամի, որի վրա միշտ կարելի է խնդիրների հետ կապված հղում կատարել»,- նշել է Սիմոնյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն իր ներքին և արտաքին շուկայի համար փորձում է ձևավորել մի Հայաստան, որը պատրաստվում է նորից հարձակվել իրենց վրա։
***
ԱԺ միջանցքում Ալեն Սիմոնյանն ու պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գրկախառնվեցին՝ լրագրողներին հորդորելով նկարել իրենց։ Ալեն Սիմոնյանին հարց ուղղվեց․ «Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, դուք քննադատում էիք պարոն Քոչարյանին՝ լրագրողին արված արտահայտության հետ կապված»։ ԱԺ նախագահը պատասխանեց․ «Այո, չէր կարելի, պետք չէր։ Պարոն Քոչարյանն էլ է կարծում, որ պետք է ավելի սուրբ գրքից մեջբերեր։ Կարծում եմ՝ հաջորդ անգամ էլ չի կրկնվի»։ Իսկ թե Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված էթիկայի հանձնաժողով ե՞րբ կստեղծվի, ԱԺ նախագահը նշեց, որ դեռևս դրա վերաբերյալ քննարկում չեն ունեցել: |