Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․
«ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի մասին տարբեր խելամիտ շրջանակներից լսել եմ միայն դրական կարծիք։ Ինքս անձամբ երբեք չեմ շփվել նրա հետ, չունեմ որևէ վերաբերմունք։
Ամենայն հարգանքով, հարգելի պարոն նախարար և ռազմական գերատեսչության ազգային, բարոյական կերպարը պահած պաշտոնյաներ, խնդրում եմ, դադարեցրեք փաշինյանական ռեժիմին սպասարկող կեղծ տեղեկատվական աշխատանքը։ Դա պատիվ չի բերում սպաներին։
Հանրությանը տվեք իրական տեղեկություններ շփման գծի վիճակի մասին։ Պահելով անվտանգության սահմանները՝ ասեք ճիշտը, թե թշնամին ինչ է ձեռնարկել Սիսիանի մոտ, ինչ կուտակումներ ունի Նախիջևանի սահմանին ու ինչ խնդիրներ կան Ջերմուկի դիմաց։
Որքան անկեղծ լինեք սեփական ազգի հետ, այնքան ավելի շատ վստահության կարժանանաք նույն ազգի կողմից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։
Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։
Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ։