▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղերք, չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչու են ԱԱԾ աշխատակիցները երեկ այցելել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր տուն, բայց նա վստահ է, որ դա Հրայր Թովմասյանի անձով պայմանավորված չէ։

Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

«Նախկին իշխանության ներկայացուցիչները լավ ավանդույթ են ունեցել՝ իրենց ունեցվածքը գրանցել իրենց բարեկամների անունով։ Հիմա տարօրինակ չէ, որ իրավապահ մարմիննները փորձում են ստուգել՝ արդյոք այդ գրանցված գույքը օրինակա՞ն ծագումնաբանությամբ է ձեռք բերված»,- ընդգծեց նա։

Ալեն Սիմոնյանը պնդում է, որ ԱԱԾ-ի այդ քայլը որևէ մեկի կողմից հրահանգված չէ, այլապես այդ հրահանգը կլիներ ավելի վաղ։

«Իրենք իրենց չափանիշներով մեզ փորձում են գնահատական տալ, փորձում են իրենց զոհի կերպար ձևավորել, որը չի ստացվելու»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը չի բացառել, որ Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունի Ազգային ժողովի դիմումը, ըստ որի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամը լուծվելու է մոտ ապագայում, ընդ որում՝ միայն իրավական ճանապարհով։

«Այդ ճգնաժամը միանշանակ լուծվելու է, թող որևէ մեկը չկասկածի, նույն Հրայր Թովմասյանի և մնացածի մոտ, որոնք իրեն դրդում և ասում են՝ հանգիստ եղիր, ամեն ինչ լավ է լինելու։ Ենթադրում եմ, որ դա այն նույն մարդն է, որն իրեն նշանակել է, ասում եմ ՝տղերք, չի ստացվելու»,- ընդգծեց նա։

Դիտարկմանը, թե ՍԴ նախագահն ասել է, որ հրաժարական չի տալու և պաշտոնավարելու է այնքան, մինչև որ ավարտվի իր պաշտոնավարման ժամանակը, Ալեն Սիմոնյանը որպես օրինակ բերեց Սերժ Սարգսյանին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին