Վարչապետին տեսնելով` առաջին հարկի աստիճաններին նստած երկու անտուն հարբեցողները մի կողմ քաշվեցին, որ տեղ տան` բարձրանա: Վարչապետն իրեն ստիպեց ժպտալ: Երևանյան մուտքի սովորական մթության մեջ անտունները չտեսան ժպիտը, որն օրը ցերեկով էլ դժվար էր նկատել վարչապետի ծուռ ու ներս ընկած բերանի պատճառով:
- Կարո՞ղ ա մի հատ պապիրոս տայիր,- ասաց անտուններից մեկը:
Նրա բերանում միայն վերևի ժանիքատամներն էին` խոսքը չէր հասկացվում: Վարչապետն ուզում էր չլսելու տալ ու անցնել, ինչպես վարվում էր, երբ ժողովրդի միջից բան էին խնդրում, բայց հետո մտածեց` հո չհայհոյեցի՞ն իրեն:
- Ի՞նչ ասիր, արա, կարգին խոսա` իմանանք,- ասաց նա:
Անտունները չհասկացան վարչապետին, որը բառերն արտասանում էր համարյա առանց ատամներն իրարից հեռացնելու:
- Ի՞նչ է ասում, է,- հարցրեց երկրորդ անտունը, որը համարյա վաթսուն տարեկան էր, բայց ատամները տեղն էին:
Վարչապետը կրկնեց իր ասածը, հարբեցողները, նորից չհասկանալով, որոշեցին գլուխ չդնել հետը, բայց երբ սա երրորդ անգամ հարցրեց, առողջ ատամներով անտունն էլ նորից ծխախոտ խնդրեց: Վարչապետը քիչ էր մնում «բավարարեր խնդրանքը», հետո մտածեց, որ իրեղեն ապացույց կթողնի դեպքի վայրում` իր սիգարետից ամբողջ Հայաստանում ծխում էր երկու հոգի` նախագահի մտերիմ ընկերն ու պաշտպանության նախարարը. դա հայտնի էր բոլորին:
- Առեք-ծխեք, ես պարտավոր չեմ ձեզ սիգարետով ապահովել,- մրթմրթաց նա։
Անտունները բնազդով զգացին, որ մերժվել են:
Վարչապետը մտածեց, որ մինչև չորրորդ հարկ բարձրանալը, գործը վերջացնելն ու իջնելը պետք է որոշած լինի, թե ինչպես վարվի անտունների հետ: Մի կողմից, հարբած են ու մթի շնորհիվ իր դեմքը պետք է որ տեսած չլինեն, մյուս կողմից, կատվի նման մթությանը վարժված աչքերը կունենան: Գրպանում իր անվանական ատրճանակն էր, որ ինքն էր իրեն նվիրել, բայց վտանգավոր էր օգտագործելը. զենքի հազվագյուտ նմուշ էր: Այդպես էլ ոչինչ չորոշեց մինչև պայթուցիկը առևտրի նախարարի դռանը կպցնելը, իսկ կպցնելուց անմիջապես հետո հանկարծ առաջին հարկից անմարդկային գոռոց լսեց: Վարչապետը երկար չմտածեց, արագ վազեց վեր, տանիք, որի դռնակն իր բախտից բաց էր: Սպասեց մի քիչ, հետո օդանցքով դուրս եկավ կանգնեց տանիքի թիթեղներին, զգույշ մոտեցավ երկաթե ցածր բազրիքին ու նայեց ներքև: Նկատեց անտուններից մեկին, որը գետնին արյան մուգ հետքեր թողնելով, ձեռքերով փորը բռնած փախչում էր մոտակա այգու ուղղությամբ, իսկ հետևից, դանակը շողացնելով, վազում էր երկար հասակով, խոշոր անդամներով մի կին, որը շատ նման էր իր սոցիալական ապահովության նախարարին: Վիրավոր անտունը հիշեցրեց վարչապետին, որ արդեն մի քանի օր է, ինչ ժողովրդի արյուն չի ծծել: Կասկածելով հանդերձ, որ թշվառ-անտերի արյունը քաղցր կլինի, վարչապետը չկարողացավ իր ցանկության վրա բռնանալ, տանիքի վրայով գնաց մինչև հաջորդ օդանցքը, որ իջնի ու դուրս գա մյուս մուտքից, բայց դիմացի հինգհարկանի շենքում երկու տեղ լույսեր վառվեցին, և իրենց պատուհաններին մոտեցան վարդագույն գիշերանոցով հիսուն-հիսունհինգ տարեկան մեծակուրծք մի կին ու քառասուհինգին մոտ թավամազ մի տղամարդ: Դա սթափեցրեց վարչապետին, նա դադարեց շարժվել, որ ուշադրություն չգրավի, բայց սրանք երկար չէին հեռանում պատուհանի առջևից, նայում էին ներքև ինչ-որ մեկին, որի տնքոցներն ու «վա՜խ, վա՜խ, մամա ջան» կանչերը տարածվում էին գիշերային լռության մեջ: Շուտով, ազդանշանները բարձր միացրած, հայտնվեցին ոստիկանության մեքենաներն, ու ավելի շատ պատուհաններ լուսավորվեցին: Վարչապետը զգուշորեն արեց մի քանի քայլը, որ մնացել էր մինչև օդանցք ու մտավ տանիքի տակ, բայց անմիջապես էլ քարացած կանգնեց` հասկանալով, որ եթե վերջին հարկի բնակիչներն արթնացել են աղմուկ-աղաղակից, անպայման իր քայլերի ձայնը կառնեն: Անցավ 10-15 րոպե, հետո լսվեց հզոր պայթյուն, որը նախատեսված էր վաղ առավոտվա համար: «Վեց հարյուր հազար դոլար»,- ինքնիրեն ասաց վարչապետը, թեթևացած հոգոց քաշեց ու ծրագրեց մի ամսում գլուխ բերել նոր նախարարի նշանակումը: «Ի՞նչ բան է մարդկային ագահությունը»,- խորհրդածեց վարչապետը` հիշելով երկրի ամենահարուստ գործարարներից մեկին, որին այնպես հանգիստ չէր տալիս առևտրի նախարարի պաշտոնը, որը համարյա բացահայտ առաջարկեց վեց հարյուր հազարը։ Նախարարությունը ավելորդ էր դարձել շուկայական հարաբերությունների պայմաններում, և վարչապետն իր կուսակցին նշանակելու համար ընդամենը երկու հարյուր հազար էր վերցրել, այն էլ մի մասն անշարժ գույքի ու ծառայությունների տեսքով… Բայց համա թե աղմուկ կանե՜ն, կարող է ցույցեր էլ լինեն: Մի տարում երրորդ նախարարն է սպանվում, ու` ոչ մի բացահայտում, ոչ էլ նույնիսկ կարգին մի կասկածյալ կամ վարկած: Կպահանջեն նախագահի, իր ու ներքին գործերի նախարարի հրաժարականները: Նախագահն իրենից չի հրաժարվի. նա հաստակող է` ժողովրդի ճնշման տակ ոչ մի բան չի անի, ինքն էլ` ՆԳ նախարարից, որովհետև սրա նման բութին հազիվ թե հետո գտնի: Իսկ ոչ բութը մեկ էլ տեսար սկսեց քիթը խոթել ամեն տեղ… հետո շանտաժ անել:
Վեց հարյուր հազարը շատ էր պետք վարչապետին, առաջ էր, որ չէր հասկանում, թե ինչ կարելի է անել էդքան փող, հիմա չի պատկերացնում, թե ոնց էր դիմանալու, եթե գործը չհաջողվեր: Հանկարծ վարչապետ մտածեց, թե գուցե նախարարն ինքը չի բացել դուռը, այլ երկու տղաներից մեկը կամ… կինը։ Նա վարչապետին խնդրել, վարչապետն էլ պատվել էր նրա ընտանեկան հրավերքներից մեկը իր ներկայությամբ, բայց միգուցե դա միայն օրինավոր հոր ու ամուսնու տպավորություն թողնելու համար է արել: Միգուցե ինքը լրիվ ուրիշ տեղ է քնում… Վարչապետի մտապատկերում հայտնվեց վեց հարյուր հազարով լիքը ճամպրուկը, որը դեպի հորիզոնի կապույտ գիծն էր ճախրում` նուրբ թռչնային թևիկները թափահարելով. նման մի բան կարծես թե ինչ-որ մուլտի մեջ էր տեսել: Նա արդեն ոտքից գլուխ ողողված էր սառը քրտինքով, երբ խոսակցություն լսեց:
- Ըստեղ որ լավ լուսավորենք ու խուզարկենք,- ասաց ինչ-որ մեկը նախարարի մուտքից տանիք բարձրացող աստիճաններից,- կարող ա ռումբ դնողին գտնենք:
- Հո ապուշ չի դնողը, որ կռիշում պահ մտնի,- պատասխանեց մյուսը,- ով որայա, իրա գործը կիմանա: Առավոտ լուս աչքով կնայենք, պատահական հետք թողած ըլնեն` ուրիշ:
- Իրա գործն իմացողը կարող ա մեզ շշկռացնելու համար հատուկ թարս անի:
- Էս մութ տեղը որ մենք լույսը գցենք, ինքը` մի գերանի հետևը կանգնած, զենքը` ձեռքը, մեզ հատ-հատ կխփի. թող լույսը բացվի, կերևա` ինչ ենք անում, էլի:
- Բա որ ըստե՞ղ պախկված ըլնի բոմբը դնողը։ Մեզ ղեկավարությունը թարս կշինի։
- Ապրե՜ս։ Ղեկավարություն ունենք մեր գլխին` ոնց ասեն, ընենց էլ կանենք: Էն բոմժը վիրավոր է, ոնց էլ ըլնի` կբռնենք, կամաց-կամաց ամեն ինչ կիմանանք:
Ոստիկանները գնացին։ Վարչապետն ցած կախեց ատրճանակը ու թույլ տվեց իրեն արտաշնչել: Բայց կանգնած տեղից չտեղաշարժվեց մինչև լույսը բացվելը, երբ աշխատելով քայլել ոտքերը բնակարանների հիմնապատերի վրա դնելով, նախարարի մուտքից հաշված երրորդ մուտքով իջավ ներքև ու առանց ոստիկանների կամ հավաքված ժողովրդի կողմը նայելու գնաց Մաշտոցի պողոտայի կողմը: Ինչքան ուրախացավ, որ ոչ ոք վրան ուշադրություն չդարձրեց ոչ միայն պողոտայում, այլև` մարդաշատ Ամիրյան փողոցում. կարծես ամեն առավոտ վարչապետը զբոսնում էր ոտքով. ոչ ոք չդիմեց օգնության, բնակարանի, աշխատանքի, ամենահասարակ արդարության խնդրանքով։ Միայն Թումանյանի անկյունում ուսանողուհու տեսքով մի աղջիկ ասաց` բարև, Ժորա ձյաձյա, չնայած վարչապետի անունը Վարդգես էր: Ահա թե երբ է պետք գալիս աչքի ընկնող արտաքին չունենալը։ Հայաստանում կլորիկ փորով միջահասակ ճաղատ մարդիկ լիքն են` որ ամբողջ կառավարությունն էլ առանց թիկնապահների լցվեր փողոց, ոչ ոք չէր նկատի:
Կառավարության նիստին վարչապետն աչքի պոչով անընդհատ հետևում էր սոցապ նախարարին: Կինը շատ անհանգիստ էր, նրա անտաշ շարժումներն ավելի կոպիտ էին թվում: Բոլորին էր հայտնի, որ նա ու առևտրի նախարարը չէին սիրում իրար, որովհետև վերջինս դժգոհում էր, որ մինչ մայրաքաղաքի խանութները գեղեցկանում ու ճոխանում են` երկիր հրապուրելով ավելի շատ զբոսաշրջիկների ու սփյուռքահայերի, զուգահեռաբար աճում էր անտունների ու մուրացկանների թիվը, որոնք փչացնում էին տպավորությունը: Սոցապ նախարարի փաստարկներին, թե բյուջեով նախատեսված փողը բավական չէ աղքատության մակարդակը քիչ թե շատ իջեցնելու համար, առևտրի նախարարը պատասխանում էր, որ նախագահն ասել է` փողի վրա նստած փող չեն ուզում, չէ՞: Մեկ րոպե լռությամբ նիստի սկզբին առևտրի նախարարի հիշատակը հարգելուց հետո, շատերը նրա խոսքերը հիշեցին` որպես մարդկային ու կազմակերպչական շնորհքի և անձնվիրության արտահայտություն: Վարչապետն ինքը հանգուցյալի հասցեին գովեստներ շռայլելուց ավելի կշտամբեց ՆԳ նախարարին, որի վատ աշխատանքի պատճառով կառավարության անդամներ են սպանվում, և միայն ժողովրդի հանդեպ պարտքի զգացումն է ստիպում նրանց չլքել իրենց դիրքերը: ՆԳ նախարարը կախեց գլուխը. գիտեր, որ իր կախագլուխ դիրքն էլ շարժում էր վարչապետի սիրտը, ու նա շատ հազվադեպ էր իրեն սպառնում, որ գործից կազատի։
ՀԵՂԻՆԱԿ` ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Առաջին հրապարակումը` «Բնագիր», 2005 թ.։
Վերամշակված է` 2012 թ.
ԱՂԲՅՈՒՐԸ` groghucav.am