«Այն, ինչ այսօր կատարվում է դպրոցական կրթական համակարգում, ընդհանուր առմամբ, ես շատ դրական եմ գնահատում՝ ամբողջ աղմուկով հանդերձ՝ գռեհիկ կամ քաղաքավարի, դա շատ դրական եմ համարում, բայց կարծում եմ, որ այս գործընթացում կան մի շարք բաներ, որոնք հարցեր են առաջացնում, հենց այդ հարցերին կուզենամ անդրադառնալ»,-այսօր՝ հուլիսի 29-ին, ասուլիսի ժամանակ, խոսելով հայոց լեզվի և գրականության նոր չափորոշիչների նախագծի մասին, ասաց գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը։
Ըստ Տիգրան Պասկևիչյանի՝ այդ ցուցակում պետք է լինեին բոլորը.
«Կան շատ մարդիկ, որոնք ասում են՝ էս ովքե՞ր են մտել էս ցուցակների մեջ կամ ասում են՝ մենք ինչի՞ չկանք էդ ցուցակների մեջ։ Եթե խոսքը գնում է կամընտրականության մասին, ուրեմն ցանկում պետք է լինեին բոլորը՝ Վահրամ Մարտիրոսյանը, Հրաչյա Բեյլերյանը, Վիոլետ Գրիգորյանը…Տանյա Հովհաննիսյանին ընդհանրապես մոռացել են…»:

Անդրադառնալով Վանո Սիրադեղյանին՝ Պասկևիչյանն ասաց.
«Ցանկում չկա Վանո Սիրադեղյանը և դա ամոթ ա, որովհետև եթե անգամ նա հետախուզման մեջ ա, նրա հետ կապված դատաքննության հարցեր կան և այլն, ապա դրանք կապված են քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի հետ, ոչ թե գրող Վանո Սիրադեղյանի»,- ասել է գրողը՝ ընդգծելով, որ դա սովետական մտայնության հետևանք է։
«Սովետական միության ժամանակ մի այսպիսի բան կար․ եթե, ասենք, գրողը հանկարծ փախչեր արտասահման, նրա գործերն անմիջապես հավաքում էին գրադարաններից ու գրախանութներից և արգելում էին»,- հիշել է բանախոսը։
«Էս ցանկերում չկա Աղվան Վարդանյանի անունը․ շատ հետաքրքիր բանաստեղծ, որն իր քաղաքական հայացքներով Քոչարյանի թիմում ա, ինչ-որ ձախողված քաղաքականություն ա վարում, բայց դա հո չի՞ նշանակում, որ նա բանաստեղծ չի»,- ասել է Պասկևիչյանը։


