2020-ի ապրիլին, երբ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը ձեռք է բերել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88,13%-ը, վերջինս սկսել է մեծ հաջողություններ գրանցել պետական գնումների մրցույթների ճանապարհաշինության ոլորտում, գրում է «Հետք»-ը: «Այսպես՝ եթե 2018-ին ՍՊԸ-ի հետ կնքվել էր պետգնման 3 պայմանագիր (ընդհանուր գինը՝ մոտ 12 մլն դրամ), իսկ 2019-ից մինչև 2020-ի ապրիլ՝ ընդամենը 1 պայմանագիր (431 հազ․ դրամ), ապա պաշտոնյա հանդիսացող Բագրատ Բադալյանի սեփականատեր դառնալուց հետո՝ 2020-ի ապրիլից, պետգնումների մրցույթներում «Ճաննախագիծ ինստիտուտը» շահել է շուրջ 40 անգամ, իսկ կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքն անցել է 1 մլրդ դրամի շեմը։ Բագրատ Բադալյանը բարձրաստիճան պաշտոնյա է դարձել 2018-ի քաղաքական փոփոխություններից հետո։ 2018-2019թթ․ եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, 2019-2020թթ․՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, 2020-ի փետրվար-նոյեմբեր ամիսներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, 2020-2021թթ․՝ նույն փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, 2021-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ 2021-ի հոկտեմբերից մինչ օրս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկն է։ 2021թ․ տարեկան հայտարարագրի համաձայն՝ Բագրատ Բադալյանն ու կինը՝ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Ագանիսյանը, այդ տարվա մայիսին համատեղ սեփականության իրավունքով տուն են գնել ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Մերիսվիլ (Marysville) քաղաքում։ Գործարքի գինը կազմել է 584.950 դոլար։ Որոշ մանրամասներ ենք պարզել այս գույքի վերաբերյալ։ Այսպես՝ Բադալյան և Ագանիսյան ամուսինները գույքը ձեռք են բերել Վաշինգթոն նահանգում գրանցված «Lennar Northwest Inc.»-ից, որն ամերիկյան «Lennar Corporation» հայտնի տնաշինական ընկերության ստորաբաժանումներից է։ Գործարքը կայացել է 2021-ի ապրիլի 28-ին, գրանցում ստացել՝ մայիսի 6-ին (հենց այս ամսաթիվն է Բադալյանն ու կինը նշել իրենց հայտարարագրերում)։ Ընդ որում՝ Բադալյանն իր հայտարարագրում տունը ներկայացրել է «դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած գույքի» տողով, իսկ կինն այն նշել է որպես «անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված»»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազար դոլարով՝ առանց վարկային միջոցների
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet