ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
«ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովի որոշման վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն քիչ անց՝ նիստից հետո»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ ԿԳՄՍ նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև.
«2020 թվականի փետրվարի 27-ին հայ հանրությունն անդառնալի կորուստ ունեցավ: Կյանքի 59-րդ տարում անժամանակ մահացավ անվանի հուշարձանագետ, հայ մշակույթի նվիրյալ Սամվել Գևորգի Կարապետյանը: Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ 1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով`բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձաններն ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։
Սամվել Կարապետյանի բացառիկ ջանքերի շնորհիվ՝ հավաքագրվել, վկայագրվել են հազարավոր հուշարձաններ Արևմտյան Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Հնդկաստանում և հայկական այլ գաղթօջախներում: Նա ոչ միայն քննադատել է Թուրքիայի, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման քաղաքականությունը, այլև այդ
հանցագործությունների փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ.`Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։
Սամվել Կարապետյանը երկար տարիներ ղեկավարում էր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակը: Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝ ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ, Հայաստանի պատմության հատորյակներ, առանձին գրքեր և պարբերականներ։ Ստեղծել է հայկական մշակույթի մասունքների
վերաբերյալ հսկայական գիտական ժառանգություն: Սամվել Կարապետյանը մի մտավորական էր, ով վայելում էր համաժողովրդական, համազգային սեր, հարգանք։ Նրա վերաբերմունքը հայրենիքի, հայրենաճանաչության, մայրենի լեզվի նկատմամբ ամենօրյա օրինակ է բոլորիս համար:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-20:00-ն, «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի 2/14): Վերջին հրաժեշտը` մարտի 1-ին՝ ժամը 12:00-14:00-ն, նույն վայրից: Հուղարկավորությունը`Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):