Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր հայտարարության մեջ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցին․ մենք հայրական հորդոր ենք ուղղել և այն չի կարող ժամանակով սահմանափակված լինել։
Այսօր այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի և խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք առիթ են հանդիսացել նշված պատգամի փոխանցման համար», - իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը։
«Դժբախտաբար, տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ մտահոգիչ, Արցախի կարգավիճակի հետ առնչվող սխալ և անընդունելի արտահայտություններ են հնչում։ Մտահոգիչ է նաև մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, և այստեղ մենք մեծ աշխատանք ունենք կատարելու։ Այս խնդիրները կարող ենք լուծման առաջնորդել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբումով», - զրույցի ընթացքում հավելել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։