ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն Ավանում հայտարարել է, թե մայրաքաղաքի տարբեր շրջանների խնդիրները և շատ տարբեր են, և շատ նույնական. «Կան հատվածներ, որտեղ խնդիրներն էապես շատ խորն են»։
Նա նշել է, որ իր համար Երևանում ծայրամասային թաղամաս չկա. «Երևանի բոլոր թաղամասերն ինձ համար կենտրոնական են․ չի կարող տարբերակված մոտեցում լինել Կենտրոնի և Ավանի, Արաբկիրի և Նուբարաշենի միջև»։
Ավինյանը խոսեց մայրաքաղաքի տրանսպորտի վիճակի մասին. «Մինչև հանրային տրանսպորտի համակարգի բարեփոխումներն ամբողջական ավարտին չհասցնենք, բավարարված չենք լինելու։ Երևանում վերջին շրջանում մենք գործարկել ենք 12 մետրանոց «Ման» ավտոբուսներ, այս տարի 150 չինական ավտոբուս ենք մտցրել գծեր, ևս 30 հատ էլ մեր գործընկերները հունվարի 1-ին են փոխանցելու անվճար։ Դա հնարավորություն է տալու մի քանի գիծ ևս անցկացնել»,- ասաց նա։
Ավինյանը նշեց, որ տրանսպորտային համակարգը ոչ միայն ավտոբուսներն են, այլև միասնական տոմսային համակարգը. «Մեզ համար կարևոր է, որ հանրային տրանսպորտն աշխատի ողջ ծավալով, և հանրային տրանսպորտը լինի հիմնական փոխադրամիջոցը»։
Նա նաև ասաց, որ կանգառներում ֆիքսված են լինելու, թե ավտոբուսները որ ժամին են լինելու. «Դա լինելու է և կանգառներում, և ձեր հեռախոսների մեջ։ Հիմա էլ՝ եթե ձեր հեռախոսների մեջ «Yandex» քարտեզը բացեք, կտեսնեք, որ բոլոր գծերը կան, և եթե մի տեղից ուզում եք այլ տեղ տեղափոխվել, քարտեզը ցույց կտա, թե որ ավտոբուսը կարող եք նստել։ Շուտով նաև րոպեի ճշտությամբ կասվի, թե այն ձեր կանգառ երբ է հասնելու»։
Ըստ Ավինյանի՝ ներմուծվելու են նաև էլեկտրոավտոբուսներ. «120 «Հիգեր» մակնիշի ավտոբուսների փոխարեն ներմուծելու ենք 250 էլեկտրոավտոբուս։ Այսօր առաջին փորձնական էլեկտրոավտոբուսն ենք բերել Երևան, և վաղվանից փորձարկելու ենք էլեկտրոավտոբուսը»։