▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղվա միջոցառման կազմակերպիչները որոշել են դռոններով շոու կազմակերպել․ սա սև ծաղր է․ Դավիթ Գրիգորյան

Շրջակա միջավայրի մամուլի նախկին քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/Davit_Grigoryan.jpg

«ԴՌՈՆ ՇՈՈՒ

Պատերազմի օրերին դռոնի ձայնն անդադար լսողներն ու աչքերն անընդմեջ վերև հառած հայրենակիցներս բոլորից լավ կհասկանան։

Էդ մահաբեր տզզոցը մինչև օրս ականջներումս է։ Գրեթե նույնն է, ինչ մոծակի տզզոցը, բայց ի համեմատ մոծակների խայթոցի՝ դռոնները մահ էին խայթում։ Ու կարծես ճակատագրի հեգնանք լինի, որ վաղվա միջոցառման կազմակերպիչները որոշել են դռոններով շոու կազմակերպել։ Ինչու՞։ Հա, համաձայն եմ, որ սիրուն է, համաձայն եմ, որ տպավորիչ է, համաձայն եմ, որ շատերը կհիանան։ Բայց ես էդ անտեսանելի անօդաչուների շարժիչի ձայնը հիմա էլ եմ լսում։ Սա ծաղր է, սա սև ծաղր է։

Շատերդ հիմա կարող եք ինձ քննադատել, ասել, թե ինչ եք ընկել էդ թեմայի հետևից։ Այսօր մի նախկին ընդդիմադիր գործիչ էլ էր ասում, որ անկախության տոնը պարտադիր պետք է նշել։ ԵՍ ԷԼ ԵՄ ԱՍՈՒՄ․ ՊԱՐՏԱԴԻ՛Ր Է։

Բայց ինչպե՞ս։ Ո՞ր տրամաբանությամբ, ի՞նչ խորհրդով։ Երգո՞վ, պարո՞վ։ Ո՛Չ և նորից, Ո՛Չ։

Ասենք՝ հնարավոր չէ՞ր կազմակերպել Վ․ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սաների քայլերթն ամբողջ քաղաքով դեպի Եռաբլուր՝ երդվելու նահատակված եղբայրներին, որ վրեժ են լուծելու։ Հնարավոր չէ՞ր այդ երթին միանային առնվազն Երևանի դպրոցների 4000 սաներ, որոնք իրենց ձեռքերում կպահեին նահատակված հայ տղերքի նկարներն ու կհետևեին ապագա սպաների քայլերթին։ Հնարավոր չէ՞ր, որ աշակերտներին հետևեին մեր հերոս եղբայրների ծնողները, որ իրենց դիմաց տեսնեին իրենց զավակների վրեժը մոտ ապագայում թշնամուց առնող ապագա հրամանատարներին ու այն սերնդին, որը երթով հարգում է իրենց հերոսներին։

Չէին կարող այդ երթին միանալ պատերազմի մասնակից ու արդեն զորացրված մեր երիտասարդ եղբայրները, որով կհավաստեին, որ իրենք հիմա նաև իրենց զավակներին կորցրած հայ ծնողների զավակներն էլ են ու հավերժ այդ ծնողների մեջքին կանգնած։

Հնարավո՞ր չէր, որ այդ երթին հետևեին իրենց հայ զգացող մարդիկ ու հասկանային, որ մենք միասնական ենք։ Հնարավո՞ր չէր կազմակերպել մի բան, որը հոգեպես կստիպեր բոլորին գնալ ու քայլել դեպի Եռաբլուր, հավաքվել տղերքի նոր օջախում ու համահայկական երդում տալ, որ մենք իրենց գործը չենք դավաճանի ու մեր սուգը հավերժ չի լինի։

Ուզու՞մ եք մի հազար տարբերակ էլ պատմեմ, թե ինչպես էր հնարավոր կազմակերպել անկախության 30-ամյակը, որ նման աժիոտաժ չառաջանար ու միասնության խորհուրդ կրեր իր մեջ։ Կարո՛ղ եմ։ Բայց անողները դրա կարիքը չունեն։ Նրանց նպատակը զվարճանք ապահովելն է։

Զվարճացե՛ք, պարոնայք, զվարճացե՛ք․․․»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին