Եղեգնաձորում օրեր առաջ տեղի ունեցած աղմկոտ միջադեպի գործով մեղադրյալ, Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։
Նա նշել է, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Փոխնդապետը տեղափոխվել էր հիվանդանոց՝ «Փակ ծանր ԳՈՒՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: