Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի զսպել կողմերին։
ArmLur.am-ն է գրում և նշում, որ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ այսօր Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել :
Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Այնտեղ է եղել անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, սակայն իրավիճակը չի կարողացել վերահսկել:
Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր արել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք եւ դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Այդպես վրեժ լուծելուց հետո հեռացել են:
Լրագրող Գոհար Վեզիրյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Գեղարքունիքի մարզում ժամեր առաջ երկու հոգի սպանվում են, չորսը վիրավորվում: Հանցագործները՝ երկուսը, փախուստի ճանապարհին վթարի են ենթարկվում եւ տեղափոխվում հիվանդանոց:
Բնականաբար Գեղարքունիքի մարզ են շտապում ՀՀ ոստիկանության աշխատակիցները՝ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ: Եվ ահա հիվանդանոցի ուժեղացված ռեժիմի պայմաններում՝ ոստիկանապետի աչալուրջ հսկողության ներքո, սպանվածների կողմնակիցները կարողանում են մտնել հիվանդանոց եւ լուծել հարցերը՝ սպանությամբ:
Մարտաֆիլմի լավ սցենար ա՝ ցավոք իրական: Սա՝ որպես անոնս»:
shamshyan.com-ը գրում է, որ հիվանդանոցում դաժան ծեծի է ենթարկվել նաև մի քաղաքացի, ով սպանվածների բարեկամն է եղել ու նրան հիմա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ոստիկանների հսկողությամբ տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Այս պահին էլ Երևանից Գավառ են ժամանել մեծ թվով ոստիկանական ուժեր, մի մասն էլ հսկողություն է իրականացնում Նորատուս գյուղում: