«Վենսը նման բան չի ասել... նույնիսկ «ներդրում» բառ չի օգտագործել, ընդհանրապես»
Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անթիվ պաշտոնյաներ, լրատվական (սքրինները չեմ դնում, կգտնեք ինքներդ) ակտիվ տարածում են ԱՄՆ փոխնախագահ Վենսի խոսքերը, թե իբր «ԱՄՆ 9 մլրդ դոլարի ներդրում է անելու ՀՀ» քաղաքացիական, խաղաղ միջուկային ծրագրում։
Խնդիրն էն ա, որ Վենսը տենց բան չի ասել... նույնիսկ «ներդրում» բառ չի օգտագործել, ընդհանրապես։
Կից դնում եմ թե՛ իր ելույթի տեքստը, թե՛ վիդեոն/դիտեք այս հղումով/։ Ինքներդ գնահատեք, թե ի՞նչ ա ասել ու ի՞նչ նկատի ունի։ Սա վրիպակ կոչելն էլ սխալ կլինի, կամ wishful thinking-ի հետևանք ա կամ անգլերենի չիմացության, կամ էլ՝ երկուսն իրար հետ»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ գրում է. «ԱՄՆ փոխնախագահն ասում է, որ խաղաղ միջուկային ծրագրի գործակցության առաջին փուլում ԱՄՆ 5 միլիարդ դոլարի նյութեր, տեխնոլոգիա կարտահանի Հայաստան, իսկ երկրորդ փուլի համար կկնքվի մոտ 4 միլիարդ դոլար արժողության պայմանագրեր:
Դա բացարձակապես չի նշանակում այդքան փողի ներդրում Հայաստանում: Դա նույնիսկ մոտավորապես դա չի նշանակում:
Ի՞նչ է մատուցվում պաշտոնական պրոպագանդայի մակարդակով: Որ ԱՄՆ 5 միլիարդ դոլար է ներդնելու Հայաստանում առաջին փուլով, 4 միլիարդ էլ՝ երկրորդ փուլով:
Ի՞նչ է սա, եթե ոչ փոխնապագահ Վենսի խոսքի աղավաղում: Նա բացարձակապես չի խոսում Հայաստանում այդքան փող ներդնելու մասին:
Բայց ըստ երևույթին ամերիկյան կողմը չի շտապի ուղղել «թարգմանական սխալը», որովհետև Վենսը նաև շատ հստակ, իհարկե ոչ ուղղիղ խոսքով, բայց շատ թափանցիկ կերպով՝ որ իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանի վերընտրությունն է:
Ավելին, գուցե մի քիչ հնչի դավադրապաշտական, բայց չեմ բացառի անգամ, որ թարգմանական սխալը բոլորովին պատահական կամ թյուրիմացաբար չէր, այլ ծրագրված: Մի կողմից Վենսը իր ուղիղ խոսքով որևէ պատասխանատու բան չի ասում Հայաստանում միլիարդներ ներդնելու մասին, մյուս կողմից պաշտոնական պրոպագանդային տրվում է այն հայերեն տարբերակով ըստ հայեցողության պտտելու «իրավունք»:
Ի վերջո առաջին անգամը հո չէ, որ «պտտելու» են հայ հանրության գլուխը: Մի պտույտ ավելի, մի պտույտ պակաս, ինչ տարբերություն»:
***
Փաստաբան Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարտք սերունդների՞ն»
Ցանկացած նորմալ հայ մարդու համար 9 միլիարդ դոլարի ներդրման մասին լուրը հիանալի նորություն է, կարելի է ասել՝ երազանք:
Սակայն, կարդալով ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը՝ ակնհայտ է դառնում, որ հարգարժան փոխնախագահը որևէ խոսք չի ասել Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրում իրականացնելու մասին։
Պարոն Վենսը նշել է, որ հարթվում է ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու նպատակով, ինչը ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի արտահանում ԱՄՆ-ից, ինչպես նաև 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն՝ պայմանագրերի միջոցով։
Այսինքն՝ ԱՄՆ փոխնախագահը խոսել է 9 միլիարդ դոլարի տնտեսական գործունեության մասին, որը իրականացվելու է ԱՄՆ-ում, այլ ոչ թե Հայաստանում կատարվելիք ներդրման մասին։
*Ավելին, որևէ հստակեցում չկա այն մասին, թե ով և ինչ կերպով է վճարելու ԱՄՆ-ից մինչև 5 միլիարդ դոլարի արտահանման և 4 միլիարդ դոլարի աջակցության համար։
*Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ վճարելու նման գումարներ․ Հայաստանը պարզապես չունի այդպիսի միջոցներ և առաջիկա տարիներին չի էլ կարող ունենալ։
*Ակնհայտ է նաև, որ ԱՄՆ-ի կառավարությունը չի վճարելու նման արտահանման համար, քանի որ որևէ երկիր չի վճարում իր իսկ տարածքից իրականացվող արտահանման համար։
Հետևաբար, դրական գնահատելով փոխնախագահ Վենսի այսօրվա այցը՝ անթույլատրելի է նրա խոսքի դիտավորյալ խեղաթյուրումը և հայ հանրության շրջանում անհիմն սպասելիքների ձևավորումը»: