▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերադարձի էսքիզներից

Դառնամ աղաղակեմ, դառնամ պաղատեմ, դառնամ հրահանգեմ…

Վերադարձի էսքիզները խլրտում են, բայց դիմացի մայթի ողբերգությունը – հեռացող հերթական քարավանը, հանգիստ չի տալիս… Ասելիքը այրվում է ցավի մեջ: Հայ գենը փոշոտվում է անտիրական մայթին – հեռանալուց առաջ:

Վերադարձի էսքիզներից

Եվ մի հարց այրում է գիտակցությունս – ի՞նչ պիտի անեին երկրի իրական ու արդար տերերը, որ հեռացող քարավանների ելքը երկրից կանխվեր: Պետության մասին չեմ ասում – նա հայկական պետություն չէ, և խոսքս նրա մասին չէ… Խոսքս երկրի ՏԵՐԵՐԻ մասին: Ի՞նչ պիտի անեին ՆՐԱՆՔ… Ի՞նչն է աղետալիորեն պակաս, որ Երկրի զավակները հեռանում են:

Հացն ու ջուրը 1949-ից պակաս չէ, երբ ներգաղթ եղավ – թող որ դառը ցնցումներով: Արդարությունը սուլթանական Թուրքիայից պակաս չէ – բայց վեցհարյուր տարի դիմացանք… Ապահովությունը ստալինական բռնապետությունից պակաս չէ – այն ժամանակ արտագաղթ չկար: Բայց ի՞նչն է ՊԱԿԱՍ: Ո՞րն է արտագաղթի ԳԵՐԱԿԱ, ՀԻՄՆԱԿԱՆ պատճառը:

Լավ նայե՛ք – Մայր Երկիրը զավակներին խնամում է ՁԵՌՔԵՐՈՎ, որն իր քաղցր լեզուն է, իր երգն ու պարը, իր ավանդույթը, էպոսը, իր հեքիաթն ու տաղը… Իր բարոյական կեցությունը: ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ ՀԱՏՎԱԾ ԵՆ – նա ուզում է զավակների սրտին հասնել, կորով տալ, ուժ և հույս տալ, խռովքը մեղմել, ցավին բալզամ դնել… Բայց ձեռքեր չեն հասնում: Պետությունը և ոչ միայն նա՝ Հ1-ի միջոցով, բազում այլ հնարներով, կտրել են Մոր ձեռքերը: ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՐԲՈՒԹՅՈՒՆ – ահա արտագաղթի գերակա պատճառը:

Դառնամ ու քեզ ասեմ, ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան, որ ժողովրդի ընդվզումը ճիշտ հունի մեջ դնելու խնդիրը չես լուծում. ձեզ ասեմ, նախակարապետ հռչակվածներ, որ ընդվզման ՁԵՎԵՐ եք միայն փնտրում. ձեզ ասեմ, ծառի էկոլոգներ, որ չեք հասնում Հայ Մարդու Էկոլոգիայի մատույցներին, ձեզ ասեմ, պահպանողական ու ազատական հեղափոխականներ – բոլորիդ ասեմ՝ լսեք աղաղակս, պաղատանքս, և եթե կուզեք՝ հրահանգս – ԱԶԱՏԱԳՐԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ, Մորը վերադարձնել նրա կտրված ձեռքերը, ելնել ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԴՎԶՄԱՆ… Ընդվզման պլանը մշակված է – որտե՞ղ են ձեր աչքերը…

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԴՎԶՈՒՄ – որի արդյունքում Մայրը կգտնի իր բոլոր զավակներին և կպահի Երկրում…

Նայեցի պատշգամբից – հերթական քարավանը հեռացել էր: Չհասցրեցի, չպահեցի, ուշացա…

Լևոն Դրնոյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին