▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն և կրակոց ռեստորանում․ մասնակցների թվում է Տիրան Խաչատրյանը

Թարմացված․ Հունվարի 11-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։ Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են:

***

Թարմացված․ Քիչ առաջ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Կոտայքի մարզի «Էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն է: Նրան ոստիկանները հայտնաբերել են Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին: Նրա մոտ այդ պահին եղել է նաև իր անվամբ հաշվառված ատրճանակը, և ենթադրվում է, որ հենց դրանով էլ նա կրակոց է արձակել:

***

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում է, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Ըստ նույն տեղեկությունների՝ գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:

Ըստ տարածվող տեղեկությունների՝ դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել: Իրավապահները որոնում են նրան:

ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնել են, որ հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղում կռիվ է։ ժամը 23:39-ին էլ «Աբովյան» Բ/Կ-ից է հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ. ծնված մի տղամարդու։

«Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»,- հավելել են կառույցից:

Այս մասին գրում է  «Հայկական ժամանակ»-ը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին