▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճակը չտեսնված վատ է. Հրանտ Բագրատյան

Ըստ ոչ պաշտոնական թվերի, օրինակ, մեր վերլուծություններով պայմանավորված, վիճակը չտեսնված վատ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով Ազգային վիճակագրական  ծառայության հրապարակած թվերին:

«Հականիկոլական թոհուբոհի մեջ ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրները մի տեսակ անուշադրության են մատնվել։ Ինչևէ, օրերս ԱՎԾ-ն հրապարակեց 2020-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական թվերը (https://www.armstat.am/am/?nid=82&id=2352)։ Դրանցից բխում է, որ ՀՆԱ անկումը մոտավորապես 7.2% է (այս պահին ներկայացված է միայն ՏԱՑ ցուցանիշը), շինարարության անկումը 11.2% է, առևտուրը պակասել է 13.5%-ով, ծառայությունների ոլորտում անկումը 13.6% է, արտահանումը պակասել է 5.2%-ով (դժբախտաբար՝ ընթացիկ գներով), իսկ ներմուծումները 16%-ով (նորից՝ ընթացիկ գներով)։ Գներն աճել են 1%-ով։ Թեպետ միջին ամսական անվանական աշխատավաձն աճել է 4.2%-ով, սակայն երբ աշխատավարձի ֆոնդից հանում ենք "իմքայլական'' պարգևավճարները, ապա, նկատի ունենալով աշխատավարձի ֆոնդում այդ պարգևավճարների տեսակարար կշիռը, տեսնում ենք, որ միջին անվանական աշխատավարձի աճ չկա։ Մի խոսքով, վատ է ըստ պաշտոնական թվերի։

Ըստ ոչ պաշտոնական թվերի, օրինակ, մեր վելուծություններով պայմանավորված, վիճակը չտեսնված վատ է։ ԱՎԾ-ն, ինչպես միշտ, դրանք կեղծում է։ Մակրոտնտեսական թվերի մեջ կան այնպիսիք, որոնք վկայում են տնտեսական ավելի մեծ անկման հավանականության մասին։ Դրանք սինթետիկ կամ, այսպես ասենք, հետևանքային ցուցանիշներն են։ Օրինակ, 2020-ի հունվար-սեպտեմբերին, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է սոսկ 311.1 մլն դրամ կամ պակաս է եղել 2019-ի համանման ցուցանիշից՝ 123 անգամ։ Իհարկե, սա զուտ ներհոսքն է։ Հնարավոր է (ըստ էության այդպես էլ կա) եղել է ներդրումների արտահոսք։ Այստեղից պարզ է դառնում, որ ՀՀ-ն ներդրումների և տրանսֆերտների առումով սոսկ ռիսիփենթ չէ, այլ նաև դոնոր։ Եվ սա շուրջ 30% աղքատության պայմաններում։ Վիճակն ավելի վատ է բյուջեի պարագայում։ Այսպես, 2020-ի բյուջեի հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը) պետք է կազմեն 1602 մլրդ դրամ։ 11 ամսում ունենք 1244 մլրդ դրամ։ Տարվա կտրվածքով թիվը կլինի առավելագույնը 1360 մլրդ։ 2019-ի 11 ամսում ունեցել ենք 1450 մլրդ հարկ ու տուրք՝ 206 մլրդ դրամով ավել, իսկ տարվա կտրվածքով՝ 1600 մլրդ դրամ։ Այսպիսով, ունենք բյուջետային եկամուտների 16% անկում, ինչը փաստում է, որ ՀՆԱ կամ ՏԱՑ-ի անկումը իրականում առնվազն 15% է։

Սրանով էր պայմանավորված այն, որ կառավարությունը գնաց աննախադեպ քայլի՝ յուրացնել Հայաստան հիմնադրամի միջոցները։ Դրանք բյուջե փոխանցելու որոշումը կայացրեց ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը (այս դեպքում նա նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր)։ Զգալով հանցագործությունն այս մարդը հայտարարեց, թե հանգիստ եղեք, հաշվետվություն եմ պահանջելու այդ փողերի ծախսման կապակցությամբ։ Անուղղելի պոպուլիստ, մարդ դատարկություն։ Փողից հոտ չի գալիս։ Դա նույնն է, թե հարևանդ ձեզանից պարտք վերցնի երեխայի ուսման վարձը վճարելու։ Դրանից հետո դուք տեսնում եք այդ հարևանին մթերային խանութում սննդամթերք գնելիս և հարձակվում եք վրան, թե բա ես քեզ ուսման վարձի փող էի տվել, ոչ թե սննդի։ Ոչինչ, Նախագահը կարծում է, որ հիմարների երկրում է ապրում և կրուտիտ է անում»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին