▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎՏԲ բանկի դիմումները վերածվում են նախազգուշացման.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ ինքը ճիշտ որոշում է կայացրել, սակայն արդարադատության խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել իրեն:

Պարզվում է՝ 2014թ. հուլիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարարի թիվ 197-Ա հրամանով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա:

Արդարադատության խորհուրդը եկել է այն եզրակացության, որ դատավոր Հ. Հովհաննիսյանը, քաղաքացիական գործով խեղաթյուրելով վկաների իրական ցուցմունքները եւ հետամուտ չլինելով իր որոշմամբ նշանակված կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննության կատարումը մեկ այլ փորձագիտական կենտրոնին հանձնարարելու գործընթացին, թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսացել:

Ինչո՞ւ եք խախտել օրենքը: Այս հարցով «Ժողովուրդ»-ը դիմեց նկատողություն ստացած դատավոր Հրաչյա Հովհաննիսյանին:

-Բնականաբար, կարծում եմ, որ որեւէ սխալ թույլ չեմ տվել: Կայացրել եմ որոշում, որը դուր չի եկել ՎՏԲ բանկին: Նրանք դիմել են արդարադատության նախարարությանը, ՀՀ արդարադատության խորհուրդն էլ որոշել է նկատողություն տալ ինձ: Ես իրավասու չեմ որեւէ բան ասելու, որովհետեւ դա քննարկման եւ բողոքարկման  ենթակա չէ, այսինքն՝ եթե դա կիրառվել է, ուրեմն պետք է ընդունենք, որ դա ռեալ իրողություն է, քննարկելն արդեն իզուր է:

-Նախազգուշացումն ի՞նչ հետք թողեց կամ «դաս» տվեց Ձեզ:

-Չգիտեմ՝ որքանով եք տեղյակ՝ դատավորների սխալների մասով ընթացքն այսպիսին է` նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, լիազորությունների դադարեցում: Սա ամենամեղմ կարգապահական տույժն է եւ իր էությամբ կարող է հետեւանք առաջացնել, եթե սխալը կրկնվի:

-Հիմա եթե այլ բանկի կամ նույն բանկի գործով էլի քննություն կայանա Ձեզ մոտ, ԱԽ-ի կայացրած որոշումը չի՞ կաշկանդի Ձեզ աշխատանքի ընթացքում: Չե՞ք մտածի այնպիսի որոշում կայացնել, որ հանկարծ էլի արդարադատության խորհրդի «ձեռքը չընկնեք»:

-Բնականաբար՝ ոչ, որովհետեւ այս կոնկրետ օրինակով հնարավոր է՝ որոշ թերացում լինի, բայց դա չի նշանակում, որ բանկերի մնացած պահանջների դեպքում նման խնդիր կլինի, օրենքով ինչ սահմանված է, դա էլ իրականացվում է:

-Իսկ փորձել ե՞ք հակառակն ապացուցել խորհրդին, որ բանկն է սխալ, եւ այդպիսով զերծ մնալ կարգապահական պատասխանատվությունից:

-Ո՛չ, խորհրդի որոշումը ենթակա չէ քննարկման, դա վերջնական է:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին