Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի՝ Աջափնյակ-2 նստավայրում տեղի է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք՝ 2021 թվականի օգոստոսի 25-ին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում ելույթների ժամանակ ասել է հետևյալը․ «Բոլորդ լավ գիտեք` երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադենում»։
Սերժ Սարգսյանը այս խոսքերի հերքում և 1 միլիոն դրամ է պահանջում՝ իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու համար։
Խաչատուր Սուքիասյանի փաստաբան Աննա Տոնոյանը դատարանում հայտարարել է․ «Խաչատուր Սուքիասյանը որպես տեղեկության աղբյուր նշել է իր ծանոթներին, սակայն թերի է ներկայացրել այդ բացատրությունը։ Իր ցուցմունքում նա նշել է, որ տարածված խոսակցությունների արդյունքում է իմացել այս լուրերի մասին, որոնք եղել են նաև հոդվածների տեսքով, և էական չէ՝ Խաչատուր Սուքիասյանը նշե՞լ է այդ խոսակցությունները ինչ ձևով են տարածված եղել՝ հոդվածների տեսքով, այլ անձանց խոսակցությունների, թե՞ իր հետ ունեցած այլ անձանց խոսակցությունների տեսքով»։