▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խանութը դատի է տվել Արուս Տիգրանյանին․ պահանջում են հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունը

«Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն դատի է տվել լրագրող, դերասանուհի Արուս Տիգրանյանին՝ պահանջելով հերքել՝ գործարար համբավն արատավորող եւ իրականությանը չհամապասխանող տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է ապրիլի 10-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։

Հայցվորի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ «Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում «Ռիո» մոլում, հեռախոսների աքսեսուարների վաճառքով է զբաղվում։ «Ինչքանով տեղյակ եմ Արուս Տիգրանյանի ընկերուհին՝ որի դեմ եւս հայց ենք ներկայացրել, այնտեղից գնում է կատարել եւ դժգոհ է մնացել։ Իսկ Տիգրանյանն իր «Ինստագրամ»-ի էջի միջոցով ասել է՝ մի հաճախեք այդ խանութ, վատ են սպասարկում եւ այլն»։

Թորոսյանի խոսքով՝ մինչ այդ պահանջել են հերքել հրապարակումը, սակայն Տիգրանյանը հերքումը ստացել եւ չէր հրապարակել, դրա համար հայց են ներկայացրել։ Փաստաբանն ասել է, որ դրամային փոխհատուցում չեն պահանջում։

Հարցին՝ իսկ Տիգրանյանի ընկերուհու դեմ ինչո՞ւ են հայց ներկայացրել, Թորոսյանը պատասխանել է. «Ընկերուհին հրապարակել է, թե իբր վատ են սպասարկել, ՀԴՄ չեն տրամադրել»։

Թորոսյանն ասել է, որ կան համապատասխան ձայնագրություններ այն մասին, որ ե՛ւ ՀԴՄ են տրամադրել ե՛ւ նորմալ սպասարկում են կատարել։

Արուս Տիգրանյանը թեմայի վերաբերյալ չի ցանկացել մեկնաբանություն տալ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին