Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով օրեր առաջ քննիչները խուզարկել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի բնակարանը:
armtimes.com-ն է գրում այդ մասին՝ հղում անելով սեփական աղբյուրներն ու նշելով, որ նույն այդ տեղեկություններով, խուզարկության ընթացքում Արշակ Հակոբյանի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որի օրինականությունը ստուգվում է:
Արշակ Հակոբյանը այս գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է:
Հիշեցնենք, որ այդ օրը դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով ոստիկանների աչքի առաջ հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց: Հրապարակված տեսանյութերում երեւում է, որ ոստիկանությունը չի էլ փորձում անգամ հանցագործություն կատարած անձանց բերման ենթարկել, ոչ էլ փորձում է կանխել այդ անձանց արարքները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի հատկանիշներով (զանգվածային անկարգություն):