▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խստորեն դատապարտում ենք Երևանում հուշակոթողի մոտ կատարված վանդալիզմի ակտը․ Զախարովա

Թարմացված․ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են Երևանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշտակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած քաղաքացու ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 46-ամյա Սամվել Շիրինյանն է, ով փորձում է լքել ՀՀ սահմանը։

Արաբկիրի ոստիկանները  ուղևորվում են Տավուշի մարզ և այսօր առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում «Բագրատաշեն» Սահմանային անցակետում հայտնաբերում և ձերբակալում են Ս․ Շիրինյանին և տեղափոխում ոստիկանության Արաբկիրի բաժին։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմակերպվում և փաստաթղթերն ու նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ նա ձերբակալվում է։

Աղբյուրի տեղեկություններով Ս․ Շիրինյանը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

***

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանություն է տարածել Երևան քաղաքի Վ․ Դավթյանի անվան այգում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի պղծման կապակցությամբ։

«Խստորեն դատապարտում ենք հունվարի 29-ին Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հուշակոթողի մոտ կատարված վանդալիզմի ակտը։

Խորը ցավով ենք նշում, որ սա Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ Կատարվածի մերժման կտրուկ արձագանք ենք տեսնում բարեկամ հայ ժողովրդի կողմից։ Նույնն ակնկալում ենք հանրապետության իշխանություններից, ինչպես նաեւ ապագայում բարբարոսության նման դրսեւորումների կանխում։

Նման արարքներին նպաստում է հանրապետությունում սկսված հասարակական արշավը՝ ուղղված Ռուսաստանին և Հարավային Կովկասում նրա դերը նսեմացնելուն։ Պաշարման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լուսահոգի լենինգրադցիների նկատմամբ ծաղրանք մենք թույլ չենք տա»,– նշել է նա։

Զախարովան նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի հոգատար քաղաքացիներին, ովքեր նոր ծաղկեպսակներ են դրել հուշակթողի մոտ։

«Ոչ ոքի չի հաջողվի վերաշարադրել Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմությունը։

 Մեր երկրների ժողովուրդների, այդ թվում՝ ռուսների և հայերի, նացիստական ​​Գերմանիայի դեմ համատեղ պայքարի և նացիզմի դեմ նրանց հաղթանակի մասին հիշողությունը միշտ կմնա մեր սրտերում,– նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Թարմացված․ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից այսօր՝ հունվարի 30-ին, ստացել է հաղորդում՝ Երևան քաղաքի Վ․ Դավթյանի անվան այգում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ մեկ անձի կողմից կատարված առերևույթ խուլիգանական գործողությունների վերաբերյալ համացանցում և սոցիալական կայքերում տարածված տեսանյութի վերաբերյալ։
Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինիս ինքնությունը պարզվել է, միջոցներ են ձեռնարկվում նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին