Yandex Go-ն կաջակցի Հայաստանի բարեգործական կազմակերպություններին՝ յուրաքանչյուր 10 կմ-ի համար փոխանցելով 5 դրամ
Yandex Go-ն նոյեմբերը հայտարարում է հայաստանյան բարեգործական կազմակերպությունների աջակցության ամիս։ Հավելվածի ցանկացած օգտատեր կարող է միանալ այս նախաձեռնությանը։ Դուք ևս կարող եք միանալ բարի գործին, ընդ որում՝ առանց ձեր սովորույթները փոխելու: Բավական է ուղևորություններ կատարել ուրբաթ օրերին։
Ակցիան տարածվում է Yandex Go-ի բոլոր ուղևորափոխադրման սակագների վրա, բոլոր այն քաղաքներում, որտեղ գործում է ծառայությունը:
Yandex Go-ն ուրբաթ օրերն իրականացված ուղևորությունները կհաշվի և յուրաքանչյուր 10 կմ-ի համար իր հաշվից 5 դրամ կհատկացնի բարեգործական կազմակերպություններին։ Հավաքված գումարը կփոխանցվի գործընկեր կազմակերպություններին՝ «Հայ մայրեր», «VIVA», «Ժպիտների քաղաք» և «Շտապիր դեպի բարին»։
Ակցիան կգործի ամբողջ ամիս:
Արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 28-ին՝ «Առատաձեռն երեքշաբթի» օրը, երբ աշխարհի բոլոր երկրներում մարդիկ պատմում են, թե ինչպես և ում են օգնում, իսկ ոչ առևտրային կազմակերպություններն ու գործարար համայնքը միավորվում են բարեգործական միջոցառումներ անցկացնելու նպատակով:
«Արցախից տեղահանված անձանց մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում առկա խնդիրներից մեկը շարունակական և համակարգային օգնության տրամադրումն է հատկապես խոցելի խմբերին։ Բեռների, դեղորայքի արագ առաքումը, ինչպես նաև կամավորների օպերատիվ տեղաշարժը աջակցության արդյունավետության գրավականն է: Շնորհակալություն ենք հայտնում Yandex Go-ին բարեգործական նախաձեռնություններին աջակցելու համար»,-ասում է VIVA հիմնադրամի համահիմնադիր, ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը:
«Մեզ համար շատ կարևոր է, որ բոլոր երեխաները ստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժումը։ Սակայն երեխաներ կան, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանում տնից դուրս գալ և հասնել մեր կենտրոն։ Yandex Go-ի շնորհիվ նրանք կարողանում են չափազանց կարևոր վերականգնողական բուժումը ստանալ տանը։ Մենք երախտագիտությամբ միացանք «Առատաձեռն նոյեմբեր» նախաձեռնությանը։ Այս արշավը հույս և աջակցություն է բերում մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Յուրաքանչյուր կիլոմետրը երեխայի կյանքը դեպի լավը փոխելու հնարավորություն է»,- նշում է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։
Ծառայությունն օգնում է անվճար ուղևորություններ կազմակերպել Հայաստանի մի քանի բարեգործական կազմակերպությունների սաների համար: Իսկ առողջական խնդիրներ ունեցող օգտատերերը կարող են Yandex Go-ում նշել այն տարբերակները, որոնք կարևոր են մեքենա պատվիրելիս ու երթևեկելիս։ Այդ նշումները տեսանելի են հատուկ հնարավորությունների առանձին էկրանին: 2023 թվականի հունիսից հատուկ հնարավորությունների վերաբերյալ նշումներով ավելի քան 10,000 ուղևորություն է հաջողությամբ իրականացվել:
Բարեգործական կազմակերպությունների մասին
«Շտապիր դեպի բարին»
Ավելի քան 10 տարի «Շտապիր դեպի բարին» հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող երեխաներին առողջապահության, սոցիալական և հոգեբանական բարեկեցության ոլորտներում: Հիմնադրամը կազմակերպում է առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժումը, հոգեբանական և սոցիալ-կրթական աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով ընտանիքներին: Համագործակցում է դպրոցների, մանկապարտեզների և մանկատների հետ՝ տրամադրելով նյութական և մեթոդական օգնություն։
«Հայ մայրեր»
Բարեգործական կազմակերպությունը 2012 թվականից աջակցում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Նպատակն է՝ որակյալ վերականգնողական ծառայությունների, հոգեբանական և սոցիալական աջակցության միջոցով բարելավել ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակը: Այսօր ավելի քան 500 երեխա օգնություն է ստանում:
VIVA
«Հայաստանի բժիշկներ և կամավորներ» կազմակերպությունը հիմնվել է 2016 թվականին։ Ծրագրերի նպատակն է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացումը: VIVA-ն նաև կրթական ու սոցիալական ծրագրեր է իրականացնում, օգնում է անապահով ընտանիքներին, փախստականներին:
«Ժպիտների քաղաք»
Բարեգործական հիմնադրամն աջակցում է ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին ու երիտասարդներին ՝ ամբողջությամբ հոգալով Հայաստանում նրանց բուժման բոլոր ծախսերը: