Հեռահաղոդակցության շուկայում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։ ՍիվիլՆեթի տեղեկություններով «Յուքոմը» գնելու է «Վեոն Արմենիա» ընկերությունը, որի ապրանքանիշն է «Բիլայնը»։
Սիվիլնեթ․am-ն է գրում այս մասին ու նշում, որ գործարքը կայանալու է 2020-ի սկզբին։ «Յուքոմն» արդեն իսկ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ տեղեկացնելով առքուվաճառքի մտադրության մասին։
«ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հաստատեց լուրը. «Բավական բարդ պրոցես է։ Այո՛, մեզ դիմել են՝ տեղեկացնելով գնման մտադրության մասին։ Բայց սա միայն մեր թույլտվություններով չէ, այն պետք է անցնի նաև այլ գերատեսչություններով, նախարարություններով, Ազգային անվտանգության ծառայությունը պետք է նաև համաձայնություն տա, ապա նաև ՀԾԿՀ-ն»։
Բաղրամյանը նշեց, որ գործընթացը դեռ մտադրության փուլում է, «Յուքոմն» այս հարցով ՀԾԿՀ է դիմել ուրբաթ երեկոյան։
Գործընթացում ներգրավվելու է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց` ստացել են դիմում, որով խնդրում են համակենտրոնացնել «Յուքոմն» ու «Վեոն Արմենիան»։ «Տոներից հետո կհարուցվի վարույթ, կուսումնասիրենք փաթեթը, կտեղեկացնենք։ Ես մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ առավոտյան ենք ստացել դիմումը, չեմ ուսումնասիրել»,- ասաց Գևորգյանը»,-նշվում է սկզբնաղբյուր կայքում։
***
2015-ի հուլիսին «Յուքոմը» գնել էր «Օրանժ Արմենիան» ընկերությունը՝ էապես ընդլայնելով ներկայությունը շուկայում։ «Վեոն Արմենիան» գնելու դեպքում ֆիքսված կապի շուկայում «Յուքոմը» կդառնա առաջատար։
«Յուքոմ» ընկերության բաժնեմասերի 24 տոկոսը պատկանում է Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին, 10,5 տոկոսը՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ֆորա բանկին», 6,3 տոկոսը՝ նրա քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին։ «Յուքոմի» մնացած բաժնեմասերը պատկանում են Կիպրոսում գրանցված «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերությանը։