ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա և սա վերաբերում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացին:
Նրա խոսքով՝ այժմ ՀԱՊԿ տարբեր հարթություններում խորհրդակություններ են ընթանում: Անդրադառնալով դիտարկմանը՝ հնարավո՞ր է Հայաստանն այս գործընթացի հետևանքով զրկվի ՀԱՊԿ-ում քարտուղարության իր ժամկետից, Աննա Նաղդալյանն ասաց.
«2015թ. սեպտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ կայացվել է որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնն այսուհետև կստանձնեն անդամ պետությունները՝ ռոտացիոն կարգով, և այդ կարգով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 3 տարի ժամկետով ամրագրվել է Հայաստանին»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատարը վերահաստատեց՝ բոլոր դիրքորոշումները վերոնշյալ կառույցներում կայացվում են կոնսենսուսի հիման վրա:
«Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, այն բազմիցս հայտնել ենք ու այն նաև հստակորեն բարձրաձայնվել է արտգործնախարարի կողմից», - ասաց Աննա Նաղդալյանը:


