ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նշված է կազմակերպության ֆեյսբուքի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Հայկական կողմի նախաձեռնությամբ, սահմանված կարգի համաձայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգն ավարտվել է: ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովն ազատվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2017թ. մայիսի 2–ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը։
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ–ում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` սահմանադրական կարգը տապալելու համար։
Հուլիսի 28-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից։