▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Զանգեզուրի միջանցք» կոչվածը վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին»․ Մեհդի Սոբհանի

Դիտեք նաև՝

«Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին․ «Միայն Իրանն է, որ աջակցում է Հայաստանին՝ դեմ հանդես գալու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին: Մենք Հայաստանի հետ այս հարցում տարաձայնություն չունենք: Զանգեզուրի միջանցք կոչվածը վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին»,- ասաց դեսպանը։

***

Իրանի տարածքով Ադրբեջանին առաջարկվող ճանապարհը, որը դեպի Նախիջևան բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով է, գտնվում է Իրանի ինքնիշխանության ներքո, և մաքսային կանոնակարգերը իրականացվում են Իրանի օրենսդրությամբ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով հարցին, թե Փաշինյանն ասում է` այն նույն պայմանները, որ Իրանն առաջարկել է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհի համար, նաև Հայաստանն է առաջարկում։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը` նա ասաց․ «Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա: Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,- հայտարարեց դեսպանը։

***

ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիրը թույլ փաստաթուղթ է և չի կարող վնասել հայ-իրանական հարաբերություններին։ Այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայ-ամերիկյան մերձեցումները կարող են ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։

«Մեր և ՀՀ իշխանությունների միջև փոխադարձ ըմբռնում կա այս հարցի շուրջ, ինչն օգնում է զարգացնել երկկողմ հարաբերությունները։ ՀՀ իշխանությունները հստակեցրել են, որ փաստաթուղթը դեմ չէ հայ-իրանական հարաբերություններին և որ իրենք չեն ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կվնասեն հայ-իրանական հարաբերություններին»,- նշել է Սոբհանին։

Ինչ վերաբերում է ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագրին, այն ներառում է մի կետ, որը չի բացառում որևէ երրորդ երկրի հետ այլ փաստաթղթեր ստորագրելու հնարավորությունը, բնականաբար, այն նույնպես չի կարող վնասել հայ-իրանական հարաբերություններին, հավելել է դեսպանը։

***

Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին և ուժի կիրառմանը՝ տարածաշրջանային խնդիրների լուծման համար։ Այս մասին հայտնել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին՝ շեշտելով, որ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

«Կեղծ նարատիվների, սպառնալիքների և կասկածների ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև ամուր հարաբերությունները կամ պառակտում մտցնել մեր միջև», հայտնել է դեսպանը։

***

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ երկրի հետ Իրանը գործարքի չի գնա։ Այս մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Եթե ԱՄՆ-ի՝ մեծ սատանայի, նման երկրի առաջ չենք ընկրկել, ինչո՞ւ պիտի գործարքի գնանք ուրիշների հետ»,- նշել է դեսպանը։

***

Անդրադառնալով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացին՝ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասաց, որ հարգում է ՀՀ-ի կողմից որդեգրած դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը․ «Հայաստանի իշխանությունները մեզ բացատրել են, որ ԵՄ մի շարք երկրների հետ հարաբերությունները կարող են նաև հնարավորություններ ստեղծել Իրան-ՀՀ հարաբերությունների համար։ Եվ եթե ՀՀ-ն կարողանա ԵՄ երկրների հետ հարաբերությունները օգտագործի Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում, ապա մենք դա դրական ենք դիտարկում»,- ասաց դեսպանը

***

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված վերջին հայտարարություններին առ այն, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի։

«Ճանապարհ ստեղծելու համար ռազմական ուժ կիրառելը որևէ բացատրություն չունի», նշել է դեսպանը՝ հավելելով, որ տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման պարագայում Իրանը կգործադրի իր ողջ ջանքերը, մասնավորապես Ադրբեջանի և մյուս երկրների հետ ունեցած իր կապերը՝ կանխելու նոր հակամարտությունը։

«ՀՀ դիրքորոշումն առ այն, որ իր տարածքով անցնող ճանապարհը պետք է լինի իր ինքնիշխանության ներքո, միջազգայնորեն ընդունված իրավունք է։ Եթե այս տրամաբանությամբ ուղղորդվենք, տարածաշրջանում նոր հակամարտություն չպետք է տեղի ունենա», ասել է Սոբհանին։

Եթե, այնուամենայնիվ, ռազմական հարձակում լինի, Հայաստանն ունի իր երկիրը պաշտպանելու հնարավորություն։

«Մի թերագնահատեք ձեր երկրի պաշտպանական հնարավորությունները», նշել է դեսպանը։

***

«Մեր գնահատականը դրական է, ըստ որի՝ հայ-իրանական սահմանը պետք է վերահսկվի հայ սահմանապահ ուժերի կողմից»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդադառնալով ռուս սահմանապահների հայ-իրանական հսկիչ կետերից դուրս բերելու մասին հարցին։

«Իմաստ չունի, որ որևէ երկրի սահմանը վերահսկվի այլ երկրի սահմանապահ ուժերի կողմից․ սա իմ տեսակետն է՝ և՛ Հայաստանի շահերի առումով, և՛ Իրան- Հայաստան հարաբերությունների առումով»,- ընդգծել է դեսպանը։

***

Հայաստանն ու Իրանն աշխատում են համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթի վրա։

Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում։

«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ ընդլայնված, համապարփակ ռազմավարական փաստաթղթի վրա, որը կստորագրվի երկու երկրների ղեկավարների կողմից։ Այս փաստաթուղթը լինելու է համապարփակ ու երկարաժամկետ, և դրանում կարող են ներառվել երկարաժամկետ նախագծեր»,- ասել է Սոբհանին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին