▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զարմացնում են մարդիկ, որոնք մտածում են, թե կարող են հրեշի կազմակերպած ընտրապայքարում հաղթել հրեշին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Նարինե Սահակյանը նրան հարցրել է. «Ի՞նչ է անում ընդդիմությունը, ընտրությունների՞ է պատրաստվում»:

Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Ինձ զարմացնում են մարդիկ, որոնք մինչև հիմա մտածում են, թե կարող են հրեշի կազմակերպած ընտրապայքարում հաղթել հրեշին։ Նիկոլի պահվածքը հենց այսօր, հենց հիմա նույն Գյումրիի կամ Ընտրական օրենսգիրքը հանդուգն, չլսված ու չտեսնված կերպով փոփոխելու օրինակով կրկին ապացուցում են, որ նա ունակ չէ պահպանելու տարրական «Fair play»-ի կանոններն ընտրական գործընթացներում։ Այսօրվա վիճակի կարևորագույն պատճառներից մեկը 2021թ-ի արտահերթին ընդդիմության մասնակցությունն էր։

Ես չեմ կարող կանխատեսել գալիք ընտրությունների ճշգրիտ արդյունքները, ինչպես նաև հստակ կանխորոշել մեր կուսակցության մասնակցության հարցը։ Սակայն մի բան ակնհայտ է. Նիկոլը բռնապետ է, իսկ բռնապետները չեն հրաժարվում իշխանությունից։ Բռնապետներին պետք է իշխանությունից հեռացնել։ Ընդդիմության ռազմավարական ծրագրերն այս փուլում, ավա՜ղ, կյանքի չեն կոչվել, ուստի այն ստիպված զբաղվում է տակտիկական հարցերով։ Ընդդիմադիր շարքերում գայթակղություն է առաջանում անհաջողության նյարդային լարվածությունը պարպել իրար վրա, ինչը տակից խրախուսվում է ռեժիմի կողմից։ Իրենց ընդդիմադիր երևակայող որոշ շրջանակներ էլ արտահերթի թեմա են փորձում շրջանառել, ու նրանց ընդամենը մեկ հարց պետք է ուղղել. արտահերթին, բացի իշխանություններից, ո՞վ է պատրաստ»։

5 հարցերն ու  պատասխանները՝ տեսանյութում

***

Քաղաքացի Տարոն Ներսիսյանը Արմեն Աշոտյանին հարցրել է.

«Երկրի երկրորդ դեմքը՝ Ալեն Սիմոնյանը, մի քանի ՔՊ-ականներով, Հայաստանի օրհներգում փոփոխություն են առաջարկում։ Ի՞նչ կարծիքի եք»:

 «Երկարատև կալանքի պատճառով տարբեր մարմնամասներին վերաբերող ՔՊ-ական վարկանիշներին ծանոթ չեմ։ Հստակ չգիտեմ, թե ՔՊ-ում ո՞վ՝ ո՞րերորդ դեմքն է, ոտքն է կամ կույրաղիքը։ Վերաբերմունքս էլ հստակ է. դրանց պետք է կիլոմետրերով հեռու պահել թե՛ պետությունից, թե՛ պետական խորհրդանիշներից։

Հիշում եմ, որ նույն անձը, իր կատարյալ տգիտությունը մերկացնելով, նաև Հայաստանի զինանշանն էր քննադատում։ Ասում էր, օրինակ, թե առյուծ խի՞ է պատկերված, Հայաստանում առյուծ չկա։  Դնում եմ մի կողմ, որ Հայկական բարձրավանդակում առյուծներ ապրել են։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ նրա կաղ տրամաբանությամբ՝ անգլիացի դեպուտատներն առաջարկեն իրենց զինանշանից հեռացնել միաեղջյուրին (unicorn), կամ Ռուսաստանի, Սերբիայի, Ալբանիայի պատգամավորները՝ երկգլխանի արծիվներին։

Վերադառնալով օրհներգի հետ կապված նրանց նոր ցնդաբանությանը՝ հեռո՛ւ պահեք նրանցից Ֆրանսիայի օրհներգի տեքստը՝ «Մարսելյեզան», որը սկզբից մինչև վերջ արյունահեղության, մահերի և այլ դաժան տեսարանների մասին է»։

***

Քաղաքացի Անահիտ Դալլաքյանը Արմեն Աշոտյանին հարցրել է.

«Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵՄ-ում մեր դեսպանի հանդեպ Ադրբեջանի դեսպանի պահվածքը և սպառնալիքները»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը վաղուց է, այսպես ասած,  «հղի» հայերից, սակայն երբեք իր չափերն անցնելու առիթ չի ունեցել։ Նրա լկտի պահվածքը վերջերս էլ դրսևորվել էր  Եվրոպառլամենտի պատգամավորների հանդեպ, երբ դեսպանը թվիթթերյան իր էջում ատրճանակով սպառնալից նկար էր տեղադրել եվրոդեպուտատների հասցեին։

Ավա՜ղ, ելույթային պոռթկումներից այն կողմ  գործն առաջ չգնաց։  Ուստի չեմ կարծում, որ Բրյուսելում նրան կպատժեն նման անհարիր վարքի համար։ Բայց սա ընդամենը հարցի մի կողմն է։ Մյուս հարթությունը նիկոլական դեսպանի անարժանապատիվ կեցվածքի հարցն է։

Ո՛չ, նա «մեր» դեսպանը չէ, Հայաստանի դեսպանը չէ, այլ Փաշինյանի հայաստանակործան և արցախուրաց արտաքին քաղաքականության սպասարկուն է։ Ժողովուրդն ասում է. դուռդ փակ պահի՛ր, դիմացինին էլ գող մի՛ ասա։

Ի դեպ, բացահայտեմ, որ երկու մատնանշված դեսպաններն էլ ինտենսիվ պայքարում են և կռիվ են տալիս հենց մեր՝ հանրապետականներիս դեմ՝ մեզ վարկաբեկելու փորձեր անելով եվրոպական քաղաքական շրջանակներում և ինստիտուտներում։ Սադիկովն ու Բալայանը ձեռք ձեռքի Բրյուսելում աշխատում են Հայաստանի ընդդիմադիրների դեմ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին