Այս նախագիծը մեր գնահատմամբ օգնելու է տարանջատելու բարեխիղճ լրագրողներին, բարեխիղճ լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին անհայտ իրավակազմակերպչական ձեւ, անհայտ ծագում ունեցող ինչ-որ ռեսուրսներից, որոնք այսօր երբեմն ավելի հայտնի են, քան հենց բուն լրատվական գործունեություն ունեցող կազմակերպությունները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավորների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով պատրաստվում են արգելել լրատվամիջոցներին անանուն աղբյուրներին հղում կատարել:
Պատգամավորը պնդում է՝ լրատվական դաշտը պետք է մաքրել ոչ լրագրողական կազմակերպություններից, որոնք խնդիրներ են առաջացնում հենց բարեխիղճ լրատվությամբ զբաղվողների համար: «Ի՞նչ է տեղի ունենում այսօր Հայաստանում։ Կան լրագրողական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ, որոնք նույնականացվում են, մարդիկ ճանաչում են, ունեն խմբագրակազմ, լրագրողներ, խմբագիրներ, օպերատորներ, ովքեր առավոտից երեկո քրտնաջան աշխատանք են կատարում, որ հանրությանը ներկայացնեն հավաստի տեղեկություններ։ Եվ հանկարծ այդ ամբողջ աշխատանքին զուգահեռ, հայտնվում են, օրինակ՝ տելեգրամյան ալիքներ, ֆեյսբուքյան էջեր, որոնք որեւէ տիպի աշխատանք չկատարելով՝ գեներացնում են տեղեկատվություն, հետո այդ տեղեկատվությունը հայտնվում է իրական լրատվամիջոցների էջերին։ Եվ այդպիսով իրական լրատվամիջոցները սկսում են փաստացի գովազդել աղբյուրների, որոնց ծագումնաբանության մասին ընդհանրապես որեւէ մեկը տեղեկություն չունի»,- ասաց նա։ Ըստ «Իմ քայլի» պատգամավորի, գոյություն ունեն աղբյուրներ, որոնք «մաքսանենգ ճանապարհով» տեղեկատվական դաշտում հայտնում են մեդիաարտադրանքներ, որոնց ծագումնաբանության եւ նպատակների մասին որեւէ մեկը տեղեկություն չունի. «Եթե մենք չենք գովազդում մաքսանենգությամբ զբաղվողներին, ապա ինչո՞ւ ենք գովազդում մաքսանենգ ճանապարհով մեդիա արտադրանքը մեդիատիրույթ բերողներին։
Հետեւաբար, այս խնդիրն արձանագրելուց հետո գալիս ենք լուծմանը։ Պետությունն ունի պարտավորություն փակելու բոլոր մաքսանենգ ճանապարհները, որոնք իրենց մեջ ռիսկեր են պարունակում։ Մենք ֆիքսում ենք անանուն աղբյուրները, որոնք համացանցում գրանցված կայք են, համացանցային կայքի օգտահաշիվ կամ ալիք ունեն, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից։
Հաջորդիվ արձանագրում ենք, որ լրատվամիջոցները չեն կարող հղում կատարել նմանատիպ աղբյուրներին, բայց այստեղ շատ կարեւոր է, որ մենք չենք արգելում վերարտադրել այս աղբյուրների տեղեկատվությունը։ Մենք ասում ենք՝ եկեք չգովազդենք այնպիսի աղբյուրների, որոնց ծագումնաբանության մասին որեւէ մեկը տեղեկություն չունի: Օրինակները բազմաթիվ են, բոլոր այդ աղբյուրների վրա հղում անելը, ակտիվ լինկը տեղադրելը, անունը նշելը արգելվելու է այդ կարգավորմամբ: Սա բացարձակապես կապված չէ գաղտնի աղբյուրների հետ»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը եւ պարզաբանեց, որ որեւէ կերպ չի սահմանափակվում տեղեկատվություն տարածելու իրավունքը եւ խոսքը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրների մասին չէ։ Նա հստակեցրեց, որ լրատվամիջոցը կարող է վկայակոչել անանուն աղբյուրներին, սակայն առանց նշելու այդ աղբյուրի անունը, որպեսզի այն չգովազդվի: Հարցին, թե ինչպե՞ս առաջացավ այս նախագիծը առաջարկելու նպատակահարմարությունը, Հովհաննիսյանն արձագանքեց․ «Պատերազմի օրերին բազմաթիվ էին աղբյուրները, որոնք ղեկավարվում էին դրսից, որոնց թե՛ ստեղծման նպատակը, թե՛ տարածված տեղեկատվության բովանդակությունը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում երկրում՝ ստեղծելով անկայունության եւ վախի մթնոլորտ, նման աղբյուրների գովազդումը հայկական ռեսուրսների կողմից նպաստում է նրան, որ հանրությունը այդ աղբյուրներին սկսում է նույնականացնել լրատավական գործունեություն իրականացնողների հետ»։ Նա նշեց, որ լրատվականները կարող են անգամ վերցնել այդ ալիքների տված տեղեկությունը, ճշտել, հավաստի դարձնել, նոր հրապարակել եւ այդ դեպքում չի խախտվի որեւէ մեկի հեղինակային իրավունքը: «Գոյություն չունեցող մարդու հեղինակային իրավունքը ո՞նց կարելի է խախտել, Telegram-յան ալիքի հեղինակային իրավունքը ո՞րն է, կա՞ տենց բան»:
Պատգամավորը ընդգծեց, որ մեկ ամիս ժամանակ կա առաջարկությունների համար, ուստի իրենք բաց են լսել ցանկացած առաջարկ։ Նախագծի հեղինակն ասաց, որ համառ պայքար է մղելու, որպեսզի անանուն աղբյուրներին հղում չտալու կետն օրենքի ուժ ստանա․ «Լրատվամիջոցներին ուղղված ականներ չկան, ականներ կան միայն անանուն աղբյուրների համար»,-ընդգծեց Հովհաննիսյանը։