Զորակոչիկի մայրն իր ծանոթին գումար է տվել, որպեսզի փոխանցի Արմավիրի մարզի զինվորական կոմիսարին՝ իր որդու ծառայությունը ՀՀ սահմաններում կազմակերպելու համար: Հանցանքն ավարտին չի հասցվել:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Վարսենիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ-ի հունիսին իր ազգական Սպարտակ Հարությունյանի դրդմամբ վերջինիս տվել է 3000 ԱՄՆ դոլար, որպեսզի նա գումարը փոխանցի Արմավիրի զինվորական կոմիսարին, որպեսզի իր որդու ժամկետային զինվորական ծառայությունը ՀՀ սահմաններում կազմակերպվի:

Սպարտակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ազգական Վարսենիկ Խաչատրյանին դրդել է իր միջոցով 3000ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ պաշտոնատար անձ հանդիսացող Արմավիրի զինվորական կոմիսարին: Հարությունյանը ստացել է գումարը և հափշտակել այն:
Վարսենիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Սպարտակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 38-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործն ուղարկվել է Արմավիրի դատարան:


