Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ լինելու իրավունք չունե՞ր
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործով նախաքննությունը շարունակվում է։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն` պատասխանելով «Սպունտիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանը։
Ավելի վաղ ԱԱԾ-ից ասել էին, որ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
ՔԿ-ից այլ մանրամասներ չեն հաղորդել։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թվականներին:
2022-ի հունվարի 23-ին նա հրաժարական տվեց` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։
Հաջորդ օրը «Հետք»-ը գրեց, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։
Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանն այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet