Թարմացված․«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»։ *** |
Թարմացված․ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քիչ առաջ խոսեցի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետ՝ երեկ 49 երթուղում տեղի ունեցած անընդունելի միջադեպի հետ կապված։ Ըստ տնօրենի, վարորդը նախկինում երբեք նման պահվածք չի դրսևորել և կատարվածի պատճառով աշխատանքից կազատվի։ Խնդրել եմ հարցի վերջնական լուծումից հետո տեղեկացնել հանրությանը»: |
***
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ՀՀ ներքին գործերի նախարարություն, որ Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի վարորդը էսպես վստահ ասում է՝ զանգի ոստիկանություն, կարող ա՞ իր անօրինական գործողությունները պաշտպանված են ձեր կողմից ու ինքը գիտի, որ անպատիժ է մնալու։
Երևանի քաղաքապետարան, այսպիսի վարք դրսևորած վարորդների և նրանց արարքների համար դուք եք պատասխանատու, որովհետև դուք եք նրանց ընդունում աշխատանքի, դուք եք իրենց հետ պայմանագիր կնքում, դուք եք վերահսկում իրենց։
ՀՀ գլխավոր դատախազություն, վերջապես ինչ-որ մեկը նման պահվածքի համար պատասխանատուն տալո՞ւ է, թե՞ ոչ։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, տուկ տուկ։ Դուք տեղո՞ւմ եք։
Տիգրան Ավինյան, այս վարորդը` նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից»։
***
Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով.
«Հաղորդում հանցագործության մասին:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության 49 համարի ավտոբուսի վարորդը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել տրանսպորտի թանկացումը բոյկոտող երիտասարդ աղջկան:
Հորդորում եմ ոստիկանությանը և ավագանու գործընկերներիս քայլեր ձեռնարկել»:
***
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքային իշխանության տրանսպորտային «բարեփոխումը» այնքան «փայլուն» է կատարվում, որ հայ տղամարդ վարորդը նույնիսկ հարվածում է երիտասարդ աղջկան՝ թանկացման դեմ բոյկոտելու համար։ Կարծում եմ, իրավապահները արժանի արձագանք կտան հարցին։ Երևանի ավտոբուս ՓԲԸ, սա նորմա՞լ պահվածք է Ձեր ենթակայի համար»: