▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային երգի ու պարի տոնախմբություն. ՀՊՃՀ ամենամյա փառատոնի բացումն՝ այսօր

ՀՊՃՀ  (Պոլիտեխնիկ)-ի ամենամյա ավանդական երգի-պարի 35-րդ հոբելյանական փառատոնը կմեկնարկի այսօր:  Բացումն այս տարի համընկնում է «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության հետ:

35 տարվա հարուստ պատմություն ունեցող փառատոնն  ի սկզբանե որդեգրել է մեծ առաքելություն՝ հայոց  ազգային մշակույթի գանձերը դարձնել ժողովրդի սեփականությունը:

Փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել  1979 թվականին՝ ԵրՊԻ-ում՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում՝ մի քանի նվիրյալների ջանքերով:

Յուրքանչյուր տարի այն մեծ տոնախմբության   է վերածվում,  որտեղ տարբեր խմբեր յուրովի են ներկայացնում ազգագրական գոհարները:

«Պատահական չէ, որ հենց Պոլիտեխնիկում է սկիզբ առել ամենամյա այս փառատոնը, քանի որ 70-ականներին հենց այստեղ է հիմնադրվել առաջին ազգագրական խմբերից մեկը՝ Վանը, որը ձևավորվել է դեռևս 60-ականներին գործող Պոլիտեխնիկի Վան քառաձայն երգչախմբի հիմքի վրա»,- ASEKOSE.am-ի թղթակցին տեղեկացրին փառատոնի կազմկոմիտեից:

Փառատոնի ծրագիրն այս տարի տարբերվող է:

Մեկնարկը տրվելու է այսօր՝ Մատենադարանի մոտ, այնուհետև խմբերը երթով քայլելու են դեպի Կասկադ, Ազատության հրապարակ, որտեղ էլ կայանալու է փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Մեր զրուցակցի խոսքով.

«Վերջին տարիներին մի տեսակ խամրել էր փառատոնի երբեմնի շուքը, միապաղաղություն ու միօրինակություն էր մտել մեր սիրելի փառատոնի մեջ: Սա պատճառ հանդիսացավ, որ Պոլիտեխնիկի նախկին ու ներկա ուսանողների ջանքերով նախաձեռնվի երթ, որը կթարմացնի փառատոնի մթնոլորտը և այն դուրս կհանի Պոլիտեխնիկի սահմաններից»:

Փառատոնին մասնակցելու են «Ակունք», «Կարին», «Մարաթուկ», «Մասունք», «Նուբար», «Սասնա ծռեր», «Սասուն», «Վան», «Վերադարձ», «Տավրոս» և այլ ավանդական երգի-պարի խմբեր, «Հավասի» աշուղական երիտասարդական անսամբլը, լարախաղացներ (փահլեվան) և այլն:

Հոկտեմբրի 14-ին ՀՊՃՀ-ում անցկացվելու են վարպետաց դասեր, դասախոսություններ, թեմատիկ ֆիլմերի ցուցադրում, իսկ հոկտեմբերի 16-17-ին կայանալու է բուն փառատոնը` ՀՊՃՀ-ի մեծ դահլիճում ժամը 15.30-ից:

Լուսանկարի հեղինակ` Մարտին Ակողյլան

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more