▲ Դեպի վեր

Tuesday, 01.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ  է կատարվում Փարաքարում

Ի՞նչ  է կատարվում Փարաքարում, որտեղ, հիշեցնենք,  ավագանու համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ են։ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Փարաքարում ջախջախեցինք ՔՊ-ին` 57%, հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Սոցցանցերում տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է, որ Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի նախընտրական շտաբում նշում են հաղթանակը։

Թարմացված․ Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է ․ Գյումրիում որոշ տեղամասերում փոփոխվում են ընտրությունների արդյունքները՝ նժարը թեքելով դեպի ՔՊ-ի կողմը։ Այս պահի դրությամբ ՔՊ-ն որոշ առավելություն ունի, բայց ընդդիմությունը ընդհանուր առմամբ հաղթում է՝ գերազանցելով 50%-ը։

Եթե, իհարկե, միանան ընդդիմադիր ուժերը։

Իսկ ահա Փարաքարում ընդդիմադիր միակ ուժը՝ «Միասնություն» դաշինքը, միայնակ հաղթում է ՔՊ-ին ու նրան սպասարկող մյուս երկու կուսակցություններին՝ հավաքելով ավելի քան 60%:

***

«Հայաքվե»-ն թելեգրամյան ալիքում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Սա Փարաքարի գործող համայնքապետի մեքենաներից է, որն ամբողջ օրվա ընթացքում 14/10 և 14/12 տեղամասեր պարբերաբար ընտրողներ է բերում»:

***

Փարաքարի 14/15 տեղամասում ագրեսիվ տրամադրված մի կին բացեիբաց ուղղորդում է ընտրողներին։ Այս մասին հայտնում է «ՀայաՔվեն»։

Դիտորդները հայտնում են նաև, որ Փարաքարի 14/12 տեղամասի դիմաց կայանած մեքենաներում մի խումբ երիտասարդներ նախապես ուղղորդում են տեղամաս մտնող ընտրողներին:

Փարաքարի 14/03 տեղամասում ընտրողը քվեարկության է եկել ՔՊ-ի քարոզչանյութերով

***

***

Փարաքար համայնքի ղեկավարի ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, թե վստահ է, որ հաղթելու են։ Անդրադառնալով մյուս թեկնածուի՝ Գոռ Սարիբեկյանի հայտարարությանը, թե Փարաքարում վախի մթնոլորտ է, Գյուլնազարյանը նշեց. «Փարաքարում վախի մթնոլորտ չկա, ամեն ինչ նորմալ է լինելու, ամեն ինչ գնալու է իր հունով, ժողովուրդն էլ՝ դեպի զարգացում: Ոչ մի արտառոց բան չի գրանցվել»:

***

Փարաքարի համայնքապետի թեկնածու Գոռ Սարիբեկյանը («Կայունություն» կուսակցություն) քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Փարաքար համայնքի խնդիրները բաժանում է երկու մասի՝ նյութական և ոչ նյութական․ «Նյութական խնդիրները ենթակառուցվածքներն են։ Ոչ նյութական խնդիրներն են կարևոր, այն փոխըմբռնման միջավայրի ստեղծումը և վախի մթնոլորտը մեր համայնքից արմատախիլ անելն է»,- ասաց Սարիբեկյանը՝ նշելով, որ ինքը բալանսավորող գործոն է։

«Ես չեմ հարում որևէ քաղաքական կամ կլանային ուժի։ Գտնում եմ, որ ընտրություններում որևէ ուժի առավելության դեպքում մեր համայնքում սպանությունները շարունակվելու են, այդ իսկ պատճառով ես միակ այլընտրանքային ուժն եմ, որը մեր համայնքում ապահովելու է բալանսավորված կառավարում»,- ասց նա։

***

Փարաքարի 14/4 տեղամասի դիմաց ՔՊ-ի վստահված անձը (նկարում` սպիտակ գլխարկովը) կանգնած է ոստիկանների հետ:

Փարաքարում 14/12 ընտրատեղամասում ընտրողներից մեկն ուշագնաց եղավ քվեախցիկի մոտ։ Ծնողը նրա կողքին էր, ով ասաց, որ աղջիկն առաջին անգամ էր ընտրում։ Անմիջապես շտապօգնություն կանչեցին։

***

Փարաքարի մի քանի ընտրատեղամասերի առջև կան ոստիկանական ուժերի կուտակումներ: Այս մասին հայտնում է «ՀայաՔվե»-ն

Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 20 հազար 967 ընտրող։
Այստեղ ՏԻՄ ղեկավարումն ստանձնելու համար հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ․
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Լյուդվիգ Գյուլնազարյան) -1
«Միասնություն» կուսակցությունների դաշինք (Վոլոդյա Գրիգորյան) - 2
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Դավիթ Մինասյան) - 3
«Կայունություն» կուսակցություն (Գոռ Սարիբեկյան) – 4։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more