▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Գևորգյանը այնքան է լարվել ReOpen-ի փակման հարկադրանքից, որ որոշել է վերանայել իր կողմից ֆինանսավորվող մի շարք այլ նախագծեր

Վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ «Էվոկաբանկ»-ի սեփականատեր Վազգեն Գևորգյանի հովանու ներքո գտնվող կարևոր նախագծերից մեկը՝ ReOpen լրատվականը, դադարեցնում է գործունեությունը: Օրեր առաջ այդ մասին պաշտոնապես հայտարարվեց։

Պանորամա.am-ն է գրում ու հավելում, որ կայքի աղբյուրների փոխանցմամբ, խոշոր գումարների ներդրում պահանջած այս հեռանկարային նախագծի անսպասելի դադարի միակ պատճառը քաղաքական որոշումն է, որը կայացվել է Նիկոլ Փաշինյանի կողմից և փոխանցվել որպես անբեկանելի հրահանգ։

«ReOpen-ի փակման շարժառիթների մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում՝ ընդհուպ  այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը դժգոհ է եղել  ReOpen լրատվականի ադրբեջանալեզու տարբերակի տեղեկատվական դաշտ ներխուժելուց։

Սակայն, առավել քան հիմնավոր են տեղեկություններն այն մասին, որ ՔՊ շարքերում բացասական նստվածք է թողել ReOpen-ի խմբագրակազմի և դրա ղեկավարի «ազատ ոճը», առավելապես որ ՔՊ-ում արդեն իսկ կա մեծ լարվածություն «Ազատություն« ռադիոկայանի քննադատական բովանդակության հետ կապված։

Բանն այն է, որ իշխանությունն ավելի շատ լարվում է ոչ այնքան, իրենց իսկ բնորոշմամբ, «սևերի դաշտում» դիրքավորված մեդիաներից, որքան՝ միջին հատվածում դիրքավորված, բազմակողմանի և քննադատական բովանդակություն մատուցող լրատվամիջոցներից։ 

Ըստ մեզ փոխանցած տեղեկությունների, ՔՊ-ի վերնախավում որոշակի լարում է առաջացրել մասնավորապես Reopen-ի վերջին ամիսների գործունեությունը, և «Ավինյանը սեփական խաղն է տանում» դասական մուտիլովկայի արդյունքում Նիկոլ Փաշինյանը հենց Տիգրան Ավինյանին է պահանջ ներկայացրել դադարեցնել ակնհայտ թափ հավաքող և իր մարդկանց եթերում նվաստացնող լրատվամիջոցի գործունեությունը։

Բոլորին հայտնի են ReOpen-ի հիմնական ջատագով Վազգեն Գևորգյանի ջերմ հարաբերությունները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, որոնք արտացոլվում են իրական, շոշափելի գործողություններով՝ ինչպիսիք են «Էվոկաբանկ»-ի և աֆիլացված կառույցների կողմից խոշոր գումարների հատկացումներ Երևանի քաղաքապետարանին, Վազգեն Գևորգյանի հետ աֆիլացված կառույցների խոշոր նախագծեր և ծրագրեր մայրաքաղաքի կենտրոնում և այլն։

Ըստ մեր աղբյուրների՝ Վազգեն Գևորգյանը, որին պատկանող «Էվոկաբանկ»-ը միայն նախորդ տարի ստացել է շուրջ 37 միլիոն դոլարի եկամուտ, այնքան է լարվել ReOpen լրատվականի փակման հարկադրանքից, որ որոշել է վերանայել իր կողմից ֆինանսավորվող մի շարք այլ նախագծեր, որոշներն էլ  կասեցրել է»,-գրում է սկզբնաղբյուրը։

Վազգեն Գևորգյանի լուսանկարը՝ համացանցից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more