Ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանի համար Հայաստանի նախագահներն իր թշնամիներն են: Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստան բերել տվեց Ռոբերտ Քոչարյանին` դրանով գործելով մեծ սխալ ու դառնալով պետական հանցագործ, որովհետև Ռոբետ Քոչարյանին դարձնելով Հայաստանի նախագահ՝ ամենակոպիտ ձևով ոտնահարվեց Հայաստանի Սահմանադրությունը:
Այս մասին գրում է ԳալաTV.am-ւ:
Արկադի Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի նախագահ, ըստ Սահմանադրության, կարող էր ընտրվել ՀՀ քաղաքացին, ով վերջին տասը տարին մշտապես բնակվել է Հայաստանում, այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն իրավունք չուներ ընտրվել Հայաստանի նախագահ, այլ նույնիսկ իրավունք չուներ մտածել այդ թեմայով:
«ՀՀ նախագահ դառնալուց հետո հետագա տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, թալանեց մեր երկիրը: Մի քանի տարի առաջ լրագրող Սմբատ Կարախանյանը ռուսական բավական ազդեցիկ պարբերականներում տպագրեց Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին բոլոր տվյալները` ասելով, որ նրա գողացածը կազմում է մի քանի միլիարդ ամերիկյան դոլար: Իսկ ինքը ոչ մի ձև ո´չ հերքեց, ո´չ էլ արձագանքեց այդ ծանր մեղադրանքին: Եթե դա զրպարտություն էր, Ռոբերտ Քոչարյանը պետք է դատի տար Սմբատ Կարախանյանին: Ինքը մինչ Հայաստան գալը ոչ մի բան չի ունեցել, չեմ կարծում, թե նա Ղարաբաղում եղած ժամանակ կարողացել է թալանել ինչ-որ բան, որովհետև ավերված երկիր էր ու թալանելու բան չկար»,- ասել է Արկադի Վարդանյանը:
Արկադի Վարդանյանը նշել է, որ որևէ դրական տեղաշարժ չի եղել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին. «Շինարարությունը պարզապես գողացված փողերի լվացման միջոց է եղել: Այդքան նորակառույց շենքեր եք տեսնում, դրանց քանի՞ տոկոսն է բնակեցված: Դա նշանակում է, որ մարդկանց տեղահան են արել իրենց պապական տներից, դրա դիմաց փոխհատուցում կոպեկներ են տվել, մեծ մասն էլ հիմա անտուն է»:
Ինչ վերաբերում է Քոչարյանի օրոք տնտեսական կայունության վերաբերյալ կարծիքին, Արկադի Վարդանյանը նշել է, որ տնտեսական կայունությունը նաև բացասական է լինում, Հայաստանը աշխարհի աղքատ երկրների ցանկում է, դա է՞ կայունությունը, կամ տասնյակ հազարներով լքում են հայրենիքը՝ դա է՞ կայունությունը:
«Քոչարյանը ոչ միայն կուտակել է, այլ ցինիկաբար այդ ամենը ներկայացրել է, օրինակ՝ թե ինչպես է որս անում Աֆրիկայի արգելանոցներում: Դուք գիտե՞ք, ամեն մի որսը ինչ արժե, միայն իրավունք ստանալու համար տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսվում: Հիմա էլ լուրեր են շրջանառվում, որ հարսի համար կղզի է ուզում առնել: Էլի ոչ ոք չհերքեց այդ լուրը»,- եզրափակել է Արկադի Վարդանյանը: