▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականները հո Դաշնակցությունը չե՞ն, որ զենքի մշակույթ ունենան. Գալուստ Սահակյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի պնդմամբ` իր կուսակիցները որեւէ առնչություն չունեն Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը. այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, որին երեկ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել էր, թե իրենք քաղաքական ենթատեքստ են տեսնում դաշնակցական գյուղապետի սպանության գործում:

ՀՀԿ-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «անհեթեթություն» է որակել կասկածները, թե Հանրապետականը կարող է որեւէ առնչություն ունենալ սպանությանը:

«Հանրապետականները հո Դաշնակցությունը չե՞ն, որ զենքի մշակույթ ունենան: Հանրապետականները ի՞նչ կապ ունեն, որ սպանության մեջ ներգրավված լինեն: Անհեթեթություն է ընդհանրապես այդ միտքը շրջանառության մեջ դնելը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սահակյանը` հավելելով, թե իր կուսակիցները «զենքի հետ առնչություն ունենում են միայն այլոց դեմ, ազգի թշնամիների դեմ». - «Բայց յուրայինների նկատմամբ` երբեք»:

Հավելենք, որ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կան ձերբակալվածներ, որոնց ինքնությունն արդեն հայտնի է: 

Հիշեցնենք նաև, որ այսօր երեկոյան ֆեյսբուքյան «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը կազմակերպում է մոմավառությունը` ի հիշատակ Հրաչ Մուրադյանի:

Հավելենք, որ Գալուստ Սահակյանի հայտարարությանը պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշել է, որ իր համար զարմանալի չէ Գալուստ Գրիգորիչի  «մտքի հերթական գոհարը», որովհետեւ նրանք, իհարկե, զենքի մշակույթ չունեն, հետո հայտարարել է. «Նրանք ընդհանրապես ոչ մի մշակույթ չունեն, ինչի մասին վկայում են Գալուստ Գրիգորիչի կուսակից մարզպետ Կովալենկո Շահգալդյանի արտահայտությունները: Եթե մշակույթի տակ հասկանում ենք կուլտուրա, ապա միակ կուլտուրան, որին նրանք տիրապետում են գանձագողությունն է: Խաշնարածներն զենքի ի՞նչ մշակույթ պետք է ունենան: Զենքի մշակույթը սպանության հետ կապ չունի, զենքի մշակույթ կարող են միայն ազնիվ մարդիկ ունենալ, այնպես որ` ես այդ հայտարարության մեջ ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է ներքին եւ արտաքին թշնամիների դեմ զենք ուղղելուն, կարծում եմ` պարոն Սահակյանը շատ լավ գիտի Դաշնակցության զենքն ում դեմ է աշխատել 120 տարի և ավելի եւ ում դեմ կաշխատի, եթե հայ ժողովրդին վտանգ սպառնա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին