Երևանյան գովազդային վահանակներին ավագանու ընտրություններին ընդառաջ հայտնվել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ընտրություններին «Ժառանգության» թեկնածու Արմեն Մարտիրոսյանի նկարը: Պաստառների հայտնվելուն պես սոցիալական ցանցերում սկսվեցին քննարկումներն, այնուհետև դրանք զուգորդվեցին ֆոտոշոփերով, որոնց միջոցով բլոգերներն ու ֆեյսբուքցիները, մեղմ ասած, աղավաղում են վերոհիշյալ նկարը:
Այս հարցի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը փորձեց լսել Արմեն Մարիտիրոսյանի մեկնաբանությունը: «Ամենը մեկը կարող է իր շնորհքը ցուցադրել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Հիշում եմ, որ մի անգամ նմանատիպ արարքի համար դատական գործ հարուցվեց մի մոդերատորի դեմ: Բայց ես չեմ կարծում, որ ես իմ գործերը պետք է թողնեմ, ու անշնորհք մարդկանց հետևից ընկնեմ»,- պատասխանեց Ա. Մարիտիրոսյանը:
Հիշեցնենք, որ վերջերս ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դատական հայց էր ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ: Նա պահանջում էր՝ իր պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար, պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում 1.000.000 դրամ բռնագանձել (+500.000 իր կողմից վարձած փաստաբանի վճարը, +30.000 տուրք) հօգուտ հայցվորի։ Հայցի հիմք էր հանդիսացել համացանցում հայտնված դեմոտիվատորը, որտեղ քննադատվել էր Տիգրան Ուրիխանյանին ամենաոճային գործիչ ճանաչելու փաստը: