«Ինչպիսի՞ն պետք է լինի ոստիկանապետի գնահատականը ցանկացած հանցագործությանը՝ բացասական պետք է լինի: Այս պահին էլ Գյումրիում մի շարք միջոցառումներ են իրականացվում, ու ես կարծում եմ, որ հանցագործները հայտնաբերված են, իսկ հանցագործությունը բացահայտված է»,-galatv.am-ի լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Գյումրիում հնչած կրակոցներին, ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության բաժանմունքի հարեւանությամբ, Վլադիմիր Գասպարյանը նշել է. «Ոստիկանական բաժանմունքը նշանակություն չունի, գյումրեցին, որը որ էդքան խոսում են պատվից ու ինքնասիրությունից, մի քիչ, սենց ասած, քիչ գողական մտածեն, այդտեղ ամեն ինչ կընկնի իրա տեղը»:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրու կենտրոնում հնչած կրակոցներից հետո Շեկո մականվամբ՝ Արտյոմ Կարապետյանը մահացել էր հիվանդանոցում՝ վիրահատության ժամանակ, իսկ Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) այսօր արդեն վերականդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանական բաժանմունք: Նրան ենթարկել են վիրահատությունների: Բացի այդ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի բաժնի ծառայողների հետ Ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա տղային և ևս 7 հոգու: