▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գլուխդ պատին ես տվել». Գուրգեն Արսենյանը` լրագրողին

Երևանի ավագանու ընտրություններից առաջ մի շարք ԲՀԿ-ականներ հայտարարում էին, որ եթե ընտրությունները կեղծվեն, ԲՀԿ-ն չի վերցնի մանդատները:

Մինչդեռ արդեն հայտնի է, որ կուսակցությունը մանդատները վերցնելու որոշում է կայացրել: ԲՀԿ ավագանու ցուցակի երկրորդ համարում հանգրվանած ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանից «Հրապարակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է. արդյոք կարելի՞ է արձանագրել, թե ԲՀԿ-ն այս ընտրությունները գնահատում է լավ՝ առանց կեղծիքների:

- Փաստորեն, Ձեր արած հետևությունը տրամաբանական է:

- Պարոն Արսենյան, բայց ընտրությունների հաջորդ օրը ԲՀԿ-ի նախնական հայտարարության մեջ նշվել էր, թե լրատվամիջոցների կողմից արձանագրված խախտումները կուսումնասիրվեն կուսակցության կողմից, և վերջնական գնահատական կտրվի: Փաստորեն, դուք ուսումնասիրել եք և եզրակացրել, որ մամուլը կեղծել է:

- Ես դրանով չեմ զբաղվում: Այդ պատասխանները ԲՀԿ-ից որևէ մեկից կարող եք ստանալ:

- Այս ամենից հետո Դուք ԲՀԿ-ին քաղաքական դաշտի ո՞ր հատվածում եք պատկերացնում՝ ընդդիմադի՞ր, իշխանակա՞ն, թե՞ այլընտրանք:

- Կապրենք՝ կտեսնենք, ժամանակը ցույց կտա:

- Խոսվում է, որ ԲՀԿ-ն սեպտեմբերից պետք է հայտարարի ընդդիմություն դառնալու մասին, ըստ Ձեզ՝ ԲՀԿ-ն կարո՞ղ է ընդդիմություն դառնալ:

- Իմ կարծիքը թողեք ինձ: Չգիտեմ խի՝ կարծես զանգերի ինչ-որ գործընթաց է սկսվել, առաջին լրագրողը չես այսօր, որ զանգում ես:

…Բացատրություն ես ուզում՝ գնա ԲՀԿ-ից բացատրություն պահանջի, շահագրգռված եք, հասարակությանը ԲՀԿ-ի բանով… ներսը, դուրսը ցույց տալով, էս ի՞նչ ԲՀԿ-ացավ եք կպել սաղդ:

- ԲՀԿ-ացավ չենք կպել, պարզապես նախկինում մի բան եք ասել, այսօր ուրիշ բան եք անում, մենք էլ ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ:

- Ի՞նչ եք ուզում հասկանաք: Ընտրություններն ավարտվել են, քաղաքական ձևակերպումով հայտարարություն էլ արվել է, ի՞նչ ես ուզում ասեմ:

- Պարոն Արսենյան, խոսակցություններ կան, որ ընտրությունների օրը Ձեր ընտրատարածքի շտաբից, Ձեր իսկ ներկայությամբ, ոստիկանները երեք պարկ գումար են հայտնաբերել…

- Իմ ներկայացուցիչները դիմել են ոստիկանություն, որպեսզի հայտնաբերեն նման սուտ, զրպարտող տեղեկատվություն տարածողներին:

- Դեռ չե՞ն հայտնաբերել:

- Դեռ՝ ոչ, մենք պարզապես պաշտոնապես դիմել ենք՝ հասկանալի չէ՞…

Գ. Արսենյանը նորից ճշտեց, թե որ լրատվամիջոցն է, ապա ասաց. «Ինչը, որ ես քեզ ասել եմ, տպելու ենթակա չի: Համարի, որ Արսենյանից ինտերվյու չես վերցրել»:

- Կարելի՞ է իմանալ՝ ինչու:

- Որովհետև չեմ ուզում տպես, ես էլ իմ իրավունքներն ունեմ և չեմ ուզում:

- Իսկ ես իմ աշխատանքն եմ կատարում, կարող էիք չպատասխանել իմ զանգին:

- Դե ուրեմն սրանից հետո ինձ չզանգես՝ եղա՞վ, ես ասում եմ, որ չպիտի տպես:

- Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ խնդիր կա:

- Իմացի, որ Արսենյանը քեզ ասեց… Եթե տպես, ուրեմն սրանից հետո հարցերդ գրավոր կուղարկես ինձ, իմ անձնական հեռախոսին էլ չզանգես, լսո՞ւմ ես:

- Դուք պաշտոնյա եք, հանրային դեմք և եթե շփվում եք լրագրողների հետ, ապա պարտավոր եք պատասխանել մեզ, ինչպես նաև հանրությանը հուզող հարցերին, այլապես մի պատասխանեք Ձեր հեռախոսազանգերին:

- Ուրեմն գլուխդ պատին ես տվել, թե ես պարտավոր եմ պատասխանել, սրանից հետո գրավոր կգրես ու պատասխանը կստանաս գրավոր, ընկել եք ձեր երևակայության գիրկը, շատ եք մեծամտացել արդեն, ես զգուշացրեցի քեզ:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին