Ինչպես Asekose.am-ը նախապես տեղեկացրել էր, այսօր Պռոշյան գյուղի գյուղապետարանի աշխատակիցները` թվով13 հոգի ազատման դիմումներ են ներկայացրել` ի նշան բողոքի:
Նրանք հրաժարվում են աշխատել նորընտիր հանրապետական գյուղապետ Արթուր Մուրադյանի հետ ` պահանջելով նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը:
Գյուղապետարանի աշխատակազմի արդեն նախկին քարտուղար դաշնակացական Լուսինե Պետոյանը Asekose.am-ի հետ զրույցում նշել է, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի, նրան սպանել են գյուղապետ լինելու համար.
«Երկրի հանրապետականացումը ՀՀԿ-ի համար դարձել է գերխնդիր, և նրանք չէին կարող կուլ տալ Դաշնակների հաղթանակը Պռոշյան գյուղում: Նրանք իրենց նպատակին հասնելու համար չեն խնայում ոչ մի ռեսուրս, այդ թվում գուցե նաև մարդկային կյանքեր: Հրաչ Մուրադյանին սպանել են, քանի որ նա իսկական գյուղապետ էր»:
Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանն էլ նախ նշել է, որ աշխատակիցների այս քայլն իր համար անակնկալ է, ապա հայտնել է, որ նա դեմ չէ. «դա աշխատակիցների իրավունքն է , եթե չեն ուզում աշխատել կարող են հեռանալ, գյուղում կրթված, գրագետ մարդիկ կան, ովքեր կարող են փոխարինել աշխատանքից ազատված աշխատակիցներին»: