ASEKOSE.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել դատական կարգադրիչների ծառայությունում աշխատավարձերի յուրացման գործով:
Օրեր առաջ Ոստիկանության քննչական վարչությունում խարդախության և չհրամանագրված աշխատակիցներ ունենալու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել դատական դեպարտամենտի մի քանի աշխատակիցների՝ տարբեր դատարաններում դատական կարգադրիչների ստորաբաժանումների պետերի դեմ:
Նրանք մեղադրվում են որպես դատական կարգադրիչ ձևակերպված, սակայն աշխատանքի չներկայացող անձանց աշխատավարձերը յուրացնելու մեջ:
Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն հաղորդել էր, որ քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են գործող կարգադրիչները:
Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ «կծիկը» գլորվում ու հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ:
Այս դեպքն իսկապես շարքայիններից չէ, ավելին` օրեցօր նոր ու ավելի հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս: Չի բացառվում, որ խոսքը հսկայական գումարների հափշտակման մասին է: Հնարավոր է նաև, որ այս դեպքը չարաշահումների առումով ավելի աղմկահարույց լինի, քան սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործը. խոշոր չափի յուրացումների մասով «անարդարությունները» կատարվել են արդարադատության ոլորտում, ինչը խոսուն փաստ է պետական համակարգում ատկատների ծաղկման ու ֆինանսական նմանատիպ չարաշահումների առումով:
ASEKOSE.am-ի տեղեկություններով` մեղադրվող անձանց նկատմամբ նախապես որպես խափանման միջոց` ընտրվել է գրավը, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հանվել է:
Մեր աղբյուրների փոխացմամբ` նշված անձանցից մեկը դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի տեղակալն է, և այս պահին գտնվում է փախուստի մեջ:
ASEKOSE.am-ի թղթակիցն` ունեցած տեղեկությունները ճշտելու համար փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
ՀՀ ոստիկանության ուղղված մեր գրավոր հարցման պատասխանը ստանալուն պես` այն կներկայացնենք մեր ընթերցողների ուշադրությանը: